Հետպատերազմյան ներքաղաքական իրավիճակից ելքերի ճանապարհային քարտեզի ներկայացման նպատակով «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ այսօր «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանն իր ելույթում ասաց․
«Իրողությունը հետևյալն է, որ այս պահին ինչքան էլ որ տարօրինակ լինի, ես պիտի ասեմ, որ մենք շատ ավելի հրաշալի վիճակում ենք, քան 1915 թվականին, քան 1920 թվականին, քան 1988 թվականին։ Ողբերգական այս վիճակը, որ ժողովրդի հոգեբանության մեջ է տիրում, քաոսը, որ գնալով խորանում է, մեր առաջին թշնամին է։ Կարևոր եմ համարում այսօր փաստել մի բան, որ ոչ թե մենք պարտվել ենք, ես բառացիորեն դուրս եմ եկել վերջին վաշտի հետ, մենք էնտեղ չենք պարտվել, բանակն էլ չի պարտվել։ Ես կարող եմ հետևյալն ասել․ մեր վարչապետի հետ հրաշալի ծրագրված պարզապես կազմաքանդել են թե՛ բանակը, թե՛ հայրենսիրական կամավորական խմբերը և շարունակում են այդ գործընթացները»։
Սամվել Շահինյանն անդրադառնալով աշխարհազորի մասին օրենքին՝ ասաց․
«Երբ աշխարհազորի մասին օրենքը այստեղ հաստատվում էր, դուք ուշադրություն դարձրե՞լ եք, որ այդ հաստատված օրենքը ընդամենը թիկնազոր էր ստեղծում մարզպետների, գյուղապետների և քաղաքապետների համար։ Նրանք տեղաշարժվելու իրավունք չունեին, ամեն մեկը պարտավոր էր պահել իր մարզպետի հետ այդ տարածքը։ Իսկ այնտեղ, որտեղ տղաները ոչ այնքան լավ զենքով կանգնել էին, զոհեր ամենաքիչն են տվել, և հաղթականորեն մնացել են, այդ թվում՝ նաև մեր գումարտակը»։
Շահինյանը խոսեց նաև «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջ քաշված փաստաթղթի մասին․
«Ասել, թե «Լուսավոր Հայաստանի» առաջ քաշած փաստաթուղթը ճիշտ չէ, կլինի ոչ թե չափազանցություն, այլ անհեթեթություն։ Իսկապես, շատ լավ փաստաթուղթ է առաջ քաշվել, ճանապարհային քարտեզ, բայց քաղաքական իմաստը, դրա հեռահար նպատակները, դրա հետևում ապագայի տեսլականը ու՞ր է»։
Իսկ ներկա իշխանությունների մասին Սամվել Շահինյանն ասաց․
«Արդյո՞ք մեզ պետք է մտածել այսօրվա իշխանությունների մի ստվար հատվածի դավադիր կեցվածքի մասին կամ դավաճանության մասին։ Միանգամային ճշմարիտ է, որ նրանք դավաճաններ չեն, նրանք վարում են իրենց քաղաքականությունը և պարզ ցույց են տալիս, որ այսօր հայ ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացու դեմ դուրս է եկել Հայաստանի իշխանությունների մի փոքր մասը, Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը։ Մենք դա արդյոք չե՞նք տեսնում, դա շատ պարզ երևում է։ Նրանք աշխատել են իրար հետ երկու տարուց ավել, և հիմա իրենց մտնելը իշխանությունների փոխհամաձայնությունների խնդիր է։ Միջազգային այդ ո՞ր իրավունքի ո՞ր փաստաթղթով են մտել Հայաստան։ Մենք գործ չունենք այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությունների սխալների հետ, մենք գործ ունենք մի խմբավորման հետ, որը միջազգային, քաղաքական տեռորով ուզում է հասնել վերաձևավորման»։
Նա կարծում է, որ պետք է պահանջել վարչապետի հրաժարականը․
«Ունենալով մեր պառլամենտը, մեր Սահմանադրությունը և մնացած բոլոր գործիքները՝ ընդամենը մի բան պետք է անել։ Առաջին օրը Նիկոլի հեռանալն անիմաստ էր, դա կբերեր ավելի մեծ քաոսի, այսօր արդեն ուշացնում են։ Իսկ թե ինչպես ուշացնել, մի փնտրեք ոչ պառլամենտական միջոցներ, ոչ միջազգային հանրությանը դիմելու, ոչ էլ իր խղճին կամ սրտին։ Դա այսօր արդեն բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ այս թնջուկի հիմնադիրները խոսում են քաղաքացիական պատերազմի համար։ Մենք, դրանից վախենալով, պիտի վախենանք նաև Նիկոլին հեռացնելու պահանջի՞ց։ Պարզապես ճշտեք, եթե կարող եք, սահմանդրական, օրենսդրական ճանապարհով գտնել ձև և նրա հեռացման հետ կապված նիստ գումարել (իսկ դա հնարավոր եմ ես համարում)։ Մենք կունենանք փաստաթուղթ, որով կդատենք այս պսևդո վարչապետին։ Եվ մտքներովդ չանցնի, թե մեր դեմ դավաճանություն է եղել, ընդհամենը միջազգային մի միավորում է եղել Հայաստանի քաղաքացիների և հայ ժողովրդի դեմ, որովհետև հայ ժողովուրդը չունի իր տեսլականը, իր ապագայի ճանապարհը չի գծել, չի ասել՝ ինչ է ուզում, որովհետևը Արցախը Հայաստանին չենք միացրել՝ պնդելով, որ էդպես լավ է։ Էդ հեքիաթի հորինողը արեց էն ժամանակ, երբ ՀՀՇ-ն դարձավ ՀՀՇԿ, և հայտնվեցին Լևոնի վկաներ հետո հայտնվեցին մի ուրիշ վկաներ։ Մենք պիտի գնանք մեր պետության, մեր ժողովրդի կենսականորեն, նույնիսկ կենսաբանորեն կարևոր ճանապարհով։ Վերհիշելով անցյալը, չգոռոզանալով ապրածով ու կորցրածով՝ հիշեք, որ 800 տարի հետո մենք վերջապես պետություն ենք»,- եզրափակեց Սամվել Շահինյանը։