Երևանի ավագանու անդամ Աննա Ջավախյանը, ով տևական ժամանակ է գործարկում է ֆեյսբուքյան «Մանկապարտեզը և երեխաները» էջը, գրում է․
«Ամիսներ առաջ ինձ զանգահարել էր մի մասնավոր մանկապարտեզի տնօրեն և փորձում էր համոզել, որ ես պիտի թույլ չտամ մանկապարտեզների մասին որևէ վատ բան գրվի իմ խմբում։ Ասում էր, որ մի ծնող իրենցից դժգոհ է մնացել, հիմա խմբի բոլոր գրառումների տակ ասում է այդ մասին։ Փորձեցի ճշտել, թե ինչ դժգոհության մասին է խոսքը, արդյո՞ք ստում է ծնողը, խնդիրը սխալ է ներկայացնում։ Ասաց, որ ոչ, չի ստում, ուղղակի էդ մի ծնողի հետ տարաձայնություններ են ունեցել։
Երկար փորձեցի բացատրել իրեն, որ եթե խնդիր է ծագել, մարդը իրավունք ունի զգուշացնելու այդ մասին մյուսներին, այո, ծնողների պահանջմունքները տարբեր են, հետագա բողոքներից խուսափելու համար ավելի լավ է խնդրի հանդեպ նման մոտեցում ունեցող մարդիկ ոչ էլ գան ձեր մանկապարտեզ։ Իսկ ում համար դա խնդիր չէ, էլի կգա։
Ի վերջո, ինձ հետ խոսելու փոխարեն կարելի էր խնդիրը շտկել և իր մեկնաբանությունների տակ քաղաքավարի պատասխանել, որ ցավում եք կատարվածի համար, խնդիրը շտկել եք։ Ես, իհարկե, չհամոզեցի իրեն, ինքն իր խնդրի շտկման միակ լոուծումը տեսնում էր մեր խմբում մարդկանց խոսքի իրավունքը սահմանափակելու մեջ։ Խմբին հետևողները գիտեն, շատ-շատ է եղել, որ ծնողները խնդիր են տեսել, բարձրաձայնել են այդ մասին, մանկապարտեզերի տնօրենների մտերիմները եկել են, փորձել վատաբանել բողոքող ծնողին, շատ անգամ բանավիճելու իրենց իսկ անկարողությամբ ապացուցել սեփական մեղավորությունը։
Այն մարդկանց հանդեպ, ովքեր իրենց երեխայի համար ապահով միջավայր ստեղծելուց հետո էլ չեն դադարում մտածել մյուս բալիկների մասին, մատնացույց են անում, թե որտեղից կամ ինչից պետք է զգուշանալ, միշտ առանձնահատուկ հարգանք եմ տածել։ Հեշտ է լռելը և ավելորդ խոսակցություններից գլուխդ ազատելը, բայց մի ավելորդ խոսակցությունն էս թեմայով հաճախ տասնյակ այլ բալիկների է ազատում գլխացավանքից վաղ մանկությունում, անհոգ մանկության գրավականն է դառնում։
Մի վախեցեք խոսելուց, եթե ասելիք ունեք։ Եթե ես վախենամ, դուք վախենաք, բա ո՞վ կպաշտպանի բոլորիս երեխաներին։