Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել․
«ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՀԱՊՀ ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈւՐԴԸ
Սիրելի´ պոլիտեխնիկցիներ,
արդեն մի քանի օր է ինչ տեղեկանում եք, որ կառավարության նիստում ընդունվել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը առաջացնում է բավական հակասություններ։
Ուսանողական խորհուրդը իր խորը մտահոգությունն է հայտնում օրենքի նախագծի մի քանի հոդվածների մասին։ Այս նախագծի վերաբերյալ վստահ ենք լսել եք տարբեր կարծիքներ։ Այդ առիթով ցանկանում ենք ծանոթացնել օրենքի՝ ուսանողների համար կարևորագույն որոշ կետերին։
• Ռոտացիայի խնդիր․ օրենքի նախագծի 34-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, անվճար համակարգով ընդունված ուսանողը պահում է պետության կողմից հատկացված անվճար տեղը, եթե ապահովում է 80 տոկոս բարձր գնահատական, ստացվում է՝ վճարովի համակարգով ընդունված ուսանողը զրկվում է հետագայում անվճար համակարգ անցնելու հնարավորությունից։
Մեծ մրցութ ունեցող ցանկացած կրթական ծրագրում անվճար սովորող ուսանողները և վճարովիներից շատերը ունեն 80%-ից բարձր գնահատականներ, ինչը արդեն իսկ այդ մակարդակում անիմաստ է դարձնում անվճարի համար պայքարն ու ռոտացիա հասկացությունը։ Օրենքի նախագծի այս կետը զրկում է ուսանողությանը բարձր գնահատականներ ստանալու մոտիվացիայից։
• Բուհի բարձրագույն մարմնում՝ կառավարման խորհրդում, Ուսանողական Խորհուրդն ունի 25 տոկոս ներկայացվածություն, ինչի շնորհիվ կարողանում է բարձրաձայնել և ներկայացնել ուսանողների խնդիրները։ Կատարվող փոփոխությունների արդյունքում՝ այս մարմնի անդամների թիվը կրճատվում է, դառնալով՝ 12, ինչի հետևանքով նվազում է նաև ուսանողների ներկայացվածությունը, դառնալով 8 տոկոս, այսինքն 1 ուսանող։
Այս կետը արդեն բազմիցս բարձրաձայնել ենք և սա համաուսանողական խնդիր է, քանզի համալսարանի կառավարմանը ուսանողների մասնակցությունը հնարավորություն է տալիս տարբեր հարթակներում բարձրաձայնել ուսանողության ձայնը և հասնել ուսանողամետ լուծումների։
Ուսանողական խորհուրդը քննադատորեն է մոտենում օրենքի նման նախագծին՝ տեղեկացնելով, որ այն սպառնալիք է ուսանողության իրավունքներին ոչ միայն հիմա, այլ նաև ապագայում։ Կոչ ենք անում հաշվի առնել ուսանողության ձայնը, քանզի մենք ենք հանդիսանում մեր կրթության հիմնական շահառուն»։