Միգուցե ես էլ մի նման ֆիլմ ստեղծեմ բացառապես իմ և Նարեկ Մալյանի և ևս երրորդ անձի իմացած մի մութ պատմության մասի՞ն. Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչպես հասկացանք՝ երեկ Արմնյուզ հեռուստաընկերությունով ցուցադրված «սորոսականների» մասին «ֆիլմի» հեղինակը Նարեկ Մալյանն է, ով գրառում է կատարել իբրև թե այդ «ֆիլմից» «անհանգստացածների» ու «շնորհակալություն հայտնածների» մասին։ Ես չգիտեմ, թե ովքեր են մտնում այդ երկու կատեգորիաների մեջ, բայց «գործակալական ցանցի» մասին խոսողը ու հայտարարություններ անողը պետք է, որ հստակ իմանար, որ «անհանգստացածը» ենթադրաբար պետք է որ հենց «գործակալ» լինի, ու նրա անունը պետք/պարտավոր է հնչեցնել կամ տրամադրել ԱԱԾ-ին։ Եթե այդ «գործակալների» անունները չեն հնչեցվում կամ դրանք չեն հայտնվում պատկան մարմիններին, ուրեմն նշանակում է, որ կա՛մ այդպիսի «անհանգստացած» մարդ չկա, կա՛մ ուղղակի «Արմնյուզի» հետ «կապված» մարդը վրդովված է, որ իր անունը հոլովվել է որպես «սոռոսական» կամ իրենց ասած՝ «գործակալ»։

Ինչևէ, բազում մարդկանց հասցեին հնչել է մեղադրանք, և դա ներկայացնողները պետք է ապացուցեն՝ դատարանում, թե հրապարակավ։ Ովքեր կդիմեն դատարան ու կպարտավորեցնեն հերքել հնչեցված զրպարտությունը, դա կասեն այն մարդիկ, ում առարկայական մեղադրանք է ներկայացվել։ Իմ մասով արվածը մանր խուլիգանություն է՝ ընդամենը «պետության զավթման» հորինվածքի կոնտեքստում ցուցադրվել է իմ լուսանկարը առանց կոնկրետության, փաստի և դա անողը հրաշալի գիտի, թե ի՞նչ և ինչո՞ւ է արել ու ինչո՞ւ է այդպես արվել․ ոչ միայն փաստի բացակայության պատճառով, այլ խորամանկելով ու հիմքեր ստեղծելով «դատական պաշտպանությունից» խուսափելու համար․ իրենք էլ են հասկանում, որ «վերլուծական» տեքստի տակ ցուցադրված լուսանկարի համար զրպարտության հիմքով դատական հայց ներկայացնելը բավական խախուտ է․ դատարանում «գնահատողական դատողության» շրջանակներում մեծ հավանականությման նման հայցը կմերժվի, թե կոնկրետ անձի, կոնկրետ փաստով զրպարտություն չի ներկայացվել։ Իսկ այդպիսի փաստ չի ներկայացվել։ Ահա թե ինչ է արվել կոնկրետ իմ մասով, ու «ֆիլմի» հեղինակը դա անգիր անգիր գիտի։

Եվ քանի որ հեղինակը նման փաստ չունի իմ և բազում այլ մարդկանց մասով, այդ թվում՝ Բաց Հասարակության հիմնադրամից երբևէ դրամաշնորհ չստացած Զարուհի Մուրադյանի, Դավիթ Սանասարյանի, իմ մասով, փորձում է տակից դուրս գալ ու «փաստ ստեղծել»՝ հետգրության մեջ ինձ ուղղելով հետևյալ հարցը․

«Հ.Գ. տեսա ֆիլմից վրդովվել էր Ստյոպա Սաֆարյանը: Պարոն Սաֆարյան մի հարց ունեմ, դուք 2018թ «հեղափոխությունից» առաջ անձամբ հանդիպե՞լ եք օլիգարխ Ջորջ Սորոսի հետ: Եթե այո, խնդրում եմ պատմել թե որտեղ, ինչ հանգամանքներում և ինչ եք քննարկել նրա հետ»։

Նման մանր շուստրիություններից հետո, այդուհանդերձ Կպատասխանեմ հնչած հարցին․

ՈՉ։ ՉԵՄ ՀԱՆԴԻՊԵԼ։ ԵԹԵ ՉԵՄ ՀԱՆԴԻՊԵԼ, ՊԱՏՄԵԼՈՒ ՈՉԻՆՉ ՉԿԱ։ ԱՎԵԼԻՆ՝ ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ ՈՐԵՎԷ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ, ՄԵԿ ԼՈՒՄԱ ՉԵՄ ՍՏԱՑԵԼ, ԱՅԴ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ՉԵՄ ԱՇԽԱՏԵԼ, ԻՆՉՊԵՍ ՈՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ԵՆ ՍՏԱՑԵԼ ԿԱՄ ԱՅՆՏԵՂ ԱՇԽԱՏԵԼ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, ԱՐՄՆՅՈՒԶ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻՑ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ, ԵՎ ՔԱՂՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՇԱՏ ՀԱՐԳԵԼԻ ԸՆԿԵՐՆԵՐ, ՈՐՈՆՑ ՄԻ ՄԱՍԻՆ ՏԵՂՅԱԿ ԵՄ ՈՐՊԵՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ։

Խորհուրդ կտամ ֆիլմի երկրորդ մասը նվիրել այս և այլ անձանց, որոնք Բաց հասարակության հիմնադրամի ծրագրերից լիուլի օգտվել են (ԵՊՀ-ով ու այլ նախկին պրոկառավարական ՀԿ-ներով) ու թարմացնել «գործակալական ցանցի» ցուցակը, հատկապես, երբ նրանցից ոմանք մինչև նախագահի խոսնակ ու խորհրդարանի անդամ հասել են, ազդել պետության որոշումների ընդունման վրա։

Իսկ եթե պարոն Նարեկ Մալյանի համար ընդունելի է նման մանր շուստրիություններով «ֆիլմեր» ստեղծելը, միգուցե՞ ես էլ մի նման ֆիլմ ստեղծեմ բացառապես իմ և Նարեկ Մալյանի և ևս երրորդ անձի իմացած մի մութ պատմության մասի՞ն, որի մասին հասարակությունը այնքան էլ իրազեկված չէ․․․ Ես էլ կարող եմ դա անել այնպես, որ ֆիլմում ընդհանուր վերլուծության կոնտեքստում լինի միայն Նարեկ Մալյանի լուսանկարը, առանց փաստական մեղադրանքի, բայց այդ պատմության գործող դերակատարներով, որոնք հենց այս պահին Նարեկ Մալյանի կողքին են։ Նարեկ Մալյանը պետք է որ իմանա, թե ինչ պատմության մասին է խոսքը․․․

Կրկնում եմ։ Մի փորձեք։ Չի ստացվելու։ Չի կարող ստացվել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել