Արագ արտահերթ ընտրություններ անելը սխալ է․ գոնե 1 տարի ժամանակ է պետք․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին։ Նա նշեց, որ պատմության մեջ մեկ դեպք կա, երբ պետությունը պարտվել է, և իշխանությունը չի փոխվել։

«Դա Իրաքի առաջին պատերազմն էր 1991 թվականին։ Սադամ Հուսեինը մնաց իշխանության՝ իր ողջ տոտալիտար համակարգն օգտագործելով։ Հետո վատ ավարտեց՝ կախեցին։ Հիմա օրինաչափությունը սա է՝ պարտված իշխանությունը, կապիտուլյացիա ստորագրած իշխանությունը պետք է փոխվի։ Պետք է փոխվի հենց հանուն այդ ժողովրդի։ Գիտե՞ք, այսօր վարչապետի դեմքը մարմնավորում է մեր այս խայտառակ պարտությունը։ Իր՝ ամեն անգամ լայվ դուրս գալով, ամեն անգամ էկրանին երևալով կամ «Ֆեյսբուքում» մի պոստ դնելով՝ ինքն իր դեմքով հիշեցնում է, որ մենք պարտված ազգ ենք, ամեն մի զոհված ընտանիքի հիշեցնում է՝ ով է մեղավոր այդ զոհերի համար։ Եվ ժողովրդին, ընդհանրապես՝ պետությանն ազատելու համար այդ բեռից, ինքը պետք է հեռանա։ Որ ամեն անգամ իրեն տեսնելով, մենք մեզ չզգանք պարտված ազգ։ Որովհետև ինքն իր դեմքով մարմնավորում է պարտությունը։ Այլ կերպ չի կարող լինել»,-նշեց նա։

Քոչարյանը հավելեց, որ ակնհայտ է՝ այս վիճակում արագ արտահերթ ընտրություններ անելն ուղղակի սխալ է․ «Մենք տեսանք՝ էյֆորիայի տակ ընտրությունների արդյունքում ինչ ունեցանք և այդ փորձն արդեն ունենալով՝ պետք է հասկանանք, որ ժամանակ է պետք ավելի հանգիստ վիճակում ընտրություններ կազմակերպելու համար։ Որ այս իշխանությունն այլևս լեգիտիմ չէ, որ այս խորհրդարանն այլևս չի արտացոլում ժողովրդի կարծիքը, ևս ակնհայտ է։ Բայց գոնե մեկ տարի ժամանակ է պետք հանգիստ վիճակում, ռացիոնալ դաշտում ընտրություն կատարելու համար։ Ես ողջունում եմ ընդդիմադիր ուժերի այդ որոշումը և կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանն այն կերպարն է, որն այդ առաքելությունը կարող է կատարել։ Սա պաշտոնի կռիվ չէ։ Ես չեմ նախանձում որևէ մեկին, որն այս մեկ տավա ընթացքում պետք է մտնի այդ անցումային կառավարության մեջ։ Չեմ նախանձում որևէ մեկին և առաջին հերթին՝ Վազգեն Մանուկյանին։ Սա մի առաքելություն է, որը պետք է կարողանան իրենք պատվով կատարել և կրկնեմ՝ ինքն այն մարդն է, որն իր անցած ճանապարհով հույս է ներշնչում, որ ի վիճակի է դա անել»։

2-րդ նախագահի խոսքով՝ նա իր բոլոր հնարավորություններով փորձելու է անել ամեն ինչ, որ այս ծանր ժամանակահատվածը երկիրը հաղթահարի․ «Անմասն չեմ մնալու, անկասկած»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել