Տեղեկատվության ստուգման կենտրոնից տեղեկացնում են, որ լրատվականներից մեկում այսօր նյութ էր հրապարակել, որում ասվում էր, թե իբր վարչապետի աշխատակազմ աշխատանքի ընդունվելու համար պետք է կարողանալ «դասավորել շաբաթվա օրերն ըստ հաջորդականության»։
Խոսքը Կառավարության կայքում հրապարակված վարչապետի աշխատակազմում գլխավոր մասնագետի հաստիքի համար հայտարարված մրցույթի մասին է։ Այն բաղկացած է երկու փուլից՝ թեստ և հարցազրույց։ Ինչպես կարելի է տեսնել հայտարության մեջ՝ անցկացվող մրցույթի հարցաշարը հրապարակված չէ և շաբաթվա օրերի հերթականության մասին հարց դրանում լինել չէր կարող։
Ինչ վերաբերում է հարցաշարի ձևանմուշին, որից էլ հավանաբար նյութի հեղինակը գտել է «շաբաթվա օրերի» մասին հարցը, ապա վարչապետի աշխատակազմի կադրերի վարչությունից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնեցին, որ այն իրենից ներկայացնում է ընդամենը հարցաշարի կառուցվածքի նկարագրություն։
Հարցերի ձևերն են՝ «Ճիշտ պատասխանի ընտրություն», «Այլընտրանքային ընտրություն», «Համապատասխանության որոշում», «Հաջորդականության որոշում»: Շաբաթվա օրերի հերթականության որոշումը ընդամենը օրինակ է։
Հարցաշարում ընդգրկված հարցերը հետևյալ բնագավառներից են՝
- Աշխատանքային օրենսգիրք,
- ՀՀ Սահմանադրություն,
- Հանրային ծառայության մասին օրենք,
- Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենք,
- Քաղաքացիական ծառայության մասին օրենք,
- Ինֆորմատիկա, գրավոր խոսք և այլն»: