Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հավերժ թշնամին անհավատքն է, հավերժ թշնամին կոռուպցիան է, էգոիզմն է… ո՞վ է ասել, որ չկան հավերժ թշնամիներ:
Պետք է սթափվենք և ինքնամաքրվենք: Մեր երեխեքի արյունն է թափվել այնտեղ, և սրանից հետո ամեն մի արժեք վերածել գնի՞… այո, կան նման մարդիկ: Ես, դժբախտաբար, գիտեմ, որ նրանք այդքան էլ քիչ չեն, դժբախտաբար: Բայց եթե մենք արժեքը վերածենք գնի, այդ ժամանակ կկորցնենք ամեն ինչ: Ընտրությունը ձերն է, ընտրեք, ո՞ր ճանապարհն եք ուզում, բայց հետո չտրտնջաք, ինչպես որ մենք միշտ անում ենք:
Խաղաղությունն ու պատերազմն ածանցյալ են մեր պետականաշինության գործընթացին, մեր կողմից վարվող քաղաքականությանը, մեր կադրային քաղաքականությանը: Պատերազմն ու խաղաղությունը փոխարինում են մեկը մյուսին՝ ողջ պատմության ընթացքում: Բայց այն ժողովուրդներն ու պետություններն են հմուտ և խելոք գտնվում, եթե կարողանում են խուսափել պատերազմից և ամրապնդել խաղաղությունը՝ չկործանելով սեփական պետականությունը: Սա գալիս է ներսից. կադրային քաղաքականություն, աշխարհընկալում, արժեհամակարգ… Եթե մենք արժեհամակարգը, արժեքը փոխարինում ենք գնով, գինն ենք դնում առաջին տեղում, եթե մենք գաղափարախոսությունը փոխարինում ենք փողով և կարիքներով, վստահ լինենք, որ միշտ լինելու է պատերազմ, և մենք միշտ պարտվելու ենք:
Եթե այդպես չլինի, ուրեմն լինելու ենք ուժեղ: Իսկ ուժեղը կամ հաղթում է, կամ թույլ չի տալիս, որ լինի պատերազմ»: