ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է․
«Հիմք ընդունելով ԱԱՏՄ թեժ գծով ստացվող հարցերը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է՝
ՀՀ սահմանին մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմի սահմանափակումների վերացումը վերաբերում է բացառապես ռազմական դրության պայմանների փոփոխությանը։
Իսկ համավարակով պայմանավորված սահմանափակումները շարունակում են ուժի մեջ մնալ՝ սահմանված ՀՀ կառավարության 1514-ն որոշմամբ։
Մասնավորապես, ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 2-ի 1917-Ն որոշմամբ (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147807) վերացվել է 2020թ. սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում ՀՀ մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանափակումը, այն է՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, պաշտպանության նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը կարող են անձանց արգելել Հայաստան մուտք գործելը (բացառությամբ՝ ՀՀ քաղաքացիների) և դուրս գալը՝ պետական անվտանգության, մարդկանց կյանքի և անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված:
Միաժամանակ, շարունակում է գործել կարանտինի ընթացքում կիրառվող սահմանափակումների մասին կառավարության 1514-Ն որոշումը (https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=145874): ՀՀ ողջ տարածքում կարանտինը սահմանված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից մինչև 2021 թ․ հունվարի 11-ը ներառյալ:
Ըստ այդմ՝ ցամաքային սահմանի անցակետերով արգելվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը ՀՀ, բացառությամբ՝
1) ՀՀ քաղաքացիների ընտանիքի անդամների և ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց,
2) Դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների,
3) Հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով մուտք գործող անձանց, եթե նրանք հանդիսանում են հանգուցյալի մերձավոր ազգականը (ծնողը, ամուսինը, երեխան, քույրը, եղբայրը),
4) Միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների, բեռնատար գնացքների շարժակազմի մեքենավարների (այդ թվում` նրանք, ովքեր բեռնատար ավտոմեքենաների, գնացքների շարժակազմերի բեռնաթափումից հետո լքում են Հ տարածքը),
5) Այն առանձնահատուկ դեպքերի, երբ սահմանապահ զորքերի հրամանատարը, հաշվի առնելով մուտքի հրատապությունը և անհրաժեշտությունը, ինչպես նաև այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրավիճակը, թույլատրում է անձանց՝ ՀՀ տարածք մուտք գործելը»: