Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ԵՊԲՀ-ում ուսումնառություն ստացած Արթուր Պողոսյանն Արցախի դեմ սանձազերծված պատերազմի զոհերից է: Արցախի հարավային հատվածում շուրջ մեկ ամիս պայքարելով թշնամու հարձակումների և հրետանակոծությունների դեմ՝ Արթուրը և իր զինակից ընկերները քաջաբար զոհվեցին հանուն հայրենիքի՝ հավերժ մնալով մեր հիշողությունների մեջ:
Արթուր Պողոսյանը ծնվել է 1997թ. հունիսի 5-ին Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում: Դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելուց հետո 2015թ.-ին ընդունվել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան: 2019թ.-ի ամռանը զորակոչվել է բանակ՝ հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելու:
«Արթուրի եռանդը, նպատակասլացությունն ու կյանքի հանդեպ ունեցած սերը էր: Նա երկու քույրերի միակ եղբայրն էր: Դեռ մանուկ հասակից շատ էր սիրում ֆուտբոլ, բայց որոշել էր, որ կատարելու է պապիկի երազանքը՝ բժիշկ է դառնալու: Խելացի, աշխատասեր, պարտաճանաչ մարդ էր: Շրջապատում մեծ հարգանք ու սեր էր վայելում: Մանթաշցի Արթուր Պողոսյանը 2020թ.-ի հոկտեմբերի 31-ին ձուլվեց հայրենիքին, հիմա նրանք անբաժան են, իրար գրկում հավերժացել են»,- ասում է Արթուրի ընկերը՝ Դավիթ Հարությունյանը:
Մեր օրերի հերոսը սիրում էր կարդալ ու ստեղծագործել: Իր մայրիկի ծննդյան օրը` օգոստոսի 18-ին, նրան նվիրել է այս տողերը.
Զինվորի մայրը
Լսի՛ր այս խոսքս զինակից ընկեր,
Գովերգիր մորը հայոց զինվորի,
Նրա հասցեին ասա ջերմ խոսքեր,
Որ նրա դեմքին ժպիտ հայտնվի:
Զինվորի մայրը զորավիգ է շատ,
Քանզի անդադար աղոթք է անում,
Որ տերը պահի իր մինուճարին,
Մայրը զորեղ է, նա չի թուլանում:
Թե որդին տխրի մայրը դա կզգա,
Եվ իր աղոթքով որդուն ուժ կտա,
Ահա թե ինչու է մայրը սուրբ կոչվում,
Մայրը տաճար է, որ չի փլուզվում:
Մայրը, թե գտնի իր որդուն մեռած,
Կամ ուրիշի կողմից հալածված,
Կբնաջնջի ոսոխին նշված,
Մայրը վահան է, որը չի հանձնվում:
Մայրը պաշտպան է իր տան օջախի,
Մոր հետ լինելիս ոչ ոք չի վախի,
Մոր հետ զավակը անդորր է գտնում,
Մայրը զինվոր է, նա չի հանձնվում:
Եվ բարձրայլ Աստծո լույսով պարուրված,
Մայրը կանթեղ է տան մեջ հիշեցնում:
Եկեղեցի է այդ տունն օրհնված,
Մայրը սուրբ է, նա չի խավարում:
Կյանքի վերջում իր մոտ կկանչի,
Եվ թաց աչքերով հրաժեշտ կտա,
Բայց մեր սրտերում նա հավերժ կապրի,
Մայրը Աստված է, նա չի մահանում: