Ալբերտ Հովհաննիսյանի հայրը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս օրերին ես ու իմ ընտանիքը բազմաթիվ նամակներ ու զանգեր ենք ստանում, հանդիպումներ ու հարցազրույցներ ենք ունենում, որոնք մի կողմից փորձ են թեթևացնելու մեր անդառնալի վիշտը, ցավը, մյուս կողմից՝ բորբոքում են վերքը, որը դժվար թե ամոքվի:
Այս օրերին տուն վերադարձող ամեն մի զինվորի, ամեն մի կամավորի մասին պատմություն կարդալիս, տեսանյութ դիտելիս հուզվում եմ, աչքերս արցունքոտվում են՝ հազար երանի տալիս այդ ընտանիքներին: Բարով եք վերադարձել, տղե՛րք:
Այսօր և երբեք իմ հերոս հրետանավոր որդին՝ բոլորիս համար լուսանկարի պայծառ տղա Ալբերտը, անակնկալ դուռը չի թակի, տուն չի մտնի, չի գրկի մեզ: Բայց մենք քեզ միշտ ենք սպասելու, տղա՛ս, դու միշտ մեզ հետ ես լինելու, դու մեր մտքում ես, հուշերում ես, սրտում ես:
Քո ու քո հերոս ընկերների սխրանքն անմահ է…»: