Հայրենիքի պաշտպանության մարտերում զոհվել է 19-ամյա Ավագ Նազարյանը: Իրավաբան.net-ի հետ զրույցում Ավագի մայրը՝ տիկին Մարինեն պատմեց, որ որդին բռնցաքամրտիկ է եղել: Հայրը եղել է նրա մարզիչը: Բանակ զորակոչվելու օրը քննություններ է հանձնել և անվճար ընդունվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ: Սպորտի բնագավառում մեծ հաջողությունների է հասել:
Ավագ Նազարյանը ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 24-ին: Մոր խոսքով՝ Ավագը կյանքով լեցուն տղա էր, ուրախ, մեծերի նկատմամբ հարգալից, ընկերասեր:
Շատ հպարտ է եղել, որ ծառայում է: Պատերազմի օրերին, երբ զանգել է, հարազատներին միշտ ասել է. «սաղ տոչնի ա», երբեք չի բողոքել: Վերջին անգամ մայրը Ավագի հետ խոսել է հոկտեմբերի 13-ին, 3 օր հետո իմացել է որդու՝ զոհվելու մասին լուրը: