Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հայտնում է․
«Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) Ղարաբաղյան հակամարտության սրացման առաջին իսկ օրերից մարդասիրական օգնություն է տրամադրում անվտանգության նկատառումներով Հայաստան տեղափոխված անձանց։
«Այսօր, ստեղծված իրավիճակի հետևանքով, կոնֆլիկտի ազդեցությունից տուժած մարդասիրական կարիքները բազմազան են՝ սոցիալ-առողջապահականից մինչև հոգեբանական, և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որն աշխատում է ՀՀ ամբողջ տարածքում՝ որպես չեզոք և անկախ կազմակերպություն, իր ողջ մարդկային և ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացման միջոցով անում է հնարավորը` այդ կարիքներին արձագանքելու համար», – ասում է ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։
• Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից՝ ՀՀ կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ, մոբիլիզացված 1300 կամավորների միջոցով, Երևանում և 9 մարզերի 34 համայնքներում ավելի քան 45 000 անձի տրամադրվել են․ սննդի, հագուստի, հիգիենիկ պարագաների աջակցություն, առաջին անհրաժեշտության անհատական օգտագործման և անկողնային պարագաներ, բժշկական սարքավորումներ, առաջին օգնության դասընթացներ և արկղիկներ, սայլակներ, քայլակներ և ձեռնափայտեր:
• Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբաններն ու առաջին օգնության թիմերը հոգեբանական աջակցություն և հոգեբանական առաջին օգնություն են ցուցաբերել մոտ 10 000 մարդու, այդ թվում՝ հոսպիտալներում վիրավոր զինվորներին և նրանց հարազատներին, ՀԿԽԸ թեժ գծով դիմող անձանց, հակամարտության ընթացքում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացներին մասնակցող քաղաքացիներին, ինչպես նաև անհայտ կորածների և գերիների հարազատներին։
ՀԿԽԸ հատուկ պատրաստված կամավորներն աշխատում են 7 մարզերի ժամանակավոր կացարաններում՝ դպրոցներում, մանկապարտեզներում և հյուրանոցներում ապաստանած 2500 երեխաների հետ՝ կազմակերպելով նրանց առօրյան և տրամադրելով հոգեբանական աջակցություն։
• ՀԿԽԸ հետվնասվածքային վերականգնողական կենտրոնն իր ամբողջ ներուժն ու մասնագիտական կարողությունները ծառայեցնում է վիրավոր զինածառայողների բուժման և վերականգնման գործընթացին։
• Հակամարտության հետևանքով ընտանիքների տարանջատումը կանխելու և տարանջատված ընտանիքների վերամիավորմանը նպաստելու նպատակով ՀԿԽԸ-ն ակտիվացրել է իր «Որոնում» ծառայությունը, որը մինչ օրս ստացել է մոտ 3200 զանգ։
• ՀԿԽԸ-ն աջակցել է մասնավոր կացարաններում ապաստանած մարդկանց՝ նրանց համար ապահովելու հիմնական ծառայությունների հասանելիությունը, ինչպիսիք են էլեկտրականությունը, ջեռուցումը և ջուրը, տրամադրելով 311 միլիոն ՀՀ դրամ՝ նոյեմբեր ամսվա կոմունալ ծախսերի համար։
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման գործընկերների և միջազգային ու տեղական կազմակերպությունների կողմից ավելի քան 3 100 000 ԱՄՆ դոլար է տրամադրվել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ մարդկանց ամենահրատապ ու անհետաձգելի կարիքներին արձագանքելու համար։
Ողջ գործունեությունն իրականացվում է հետևելով հակահամաճարակային կանոններին և նպաստելով դրանց պահպանմանը՝ տրամադրելով տեղեկատվական թերթիկներ և պաշտպանիչ նյութեր։
«Հաշվի առնելով, որ առջևում ձմեռ է, և մարդասիրական կարիքները բազմապատկվելու են, մշակում ենք միջնաժամկետ ծրագրեր, այդ թվում ապահովելու համար հիմնական ծառայությունների և առաջին անհրաժեշտության իրերի՝ այդ թվում ջեռուցման, էլեկտրականության և ջրի հասանելիությունը։ Այնուհետև, հիմնվելով գնահատումների և խիստ կարիքի վրա կանցնենք վաղ վերականգնման և վերակառուցման ծրագրերի մշակմանն ու իրագործմանը» – հավելում է գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։
«Արդեն 100 տարի է, ինչ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որպես երկրում գործող խոշոր մարդասիրական կազմակերպություն, մշտապես ամենախոցելիների կողքին է»»։