Ազգային ժողովի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանը հնչեցրել է 13 հարց․
«1. 2019-ին արդյոք արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան համարժեք պաշտոնյաներ։ Արդյոք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել որպես՝ առաջարկ Արցախի հարցը օգուտ Ադրբեջանի լուծման։ Երբ մեր պաշտոնյան բորբոքվել է՝ թե էս ինչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է՝ մի բորբոքվեք, ձեզանից ընդամենը պահանջվում է փոխանցել ձեր ղեկավարին։ Արդյոք երբ հայ պաշտոնյան նույնքան բորբոքված ասել է՝ տես թե անասուններն ինչ են առաջարկում, մեր երկրի ղեկավարն ասել է՝ դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի։
2. Արդյոք սուրճի սեղանի շուրջ ընտանեկան միջավայրում Նիկոլ ասվել է՝ մի արա, Ռուսաստանի դեմ քո քայլերը, բանակցությունների ձախողումը հանգեցնելու են պատերազմի, իսկ եթե պատերազմ եղավ, հազարավոր զոհեր ենք ունենալու։ Արդյոք նրա ամուսինը, միջամտել է՝ ինչ է եղել, թող մի 5 հազար հոգի էլ զոհվեն, բա ուզում են հողերը պահել, չե՞ն ուզում զոհվել։
3. Արդյոք 2019-ի առաջին կեսին Նիկոլը հերթական հիստերիկ նոպայի մեջ ասել է՝ Ռուսաստանը, մեր ԱԱԾ-ն, Արցախի ղեկավարությունը իմ դեմ դավադրություն են պատրաստում։
4. Արդյոք 2019-ի երկրորդ կեսին երբ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի տարեդարձը, դարձյալ հերթական նոպայի մեջ, Նիկոլը ցանկացել է լայվ մտնել ու հայտարարել, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, արդյոք մեծ դժվարությամբ են համոզել, որ չանի։
5. Հաշվե՞լ եք վերջին մեկ ամսում Նիկոլը քանի անգամ է զանգել Պուտինին, երեւի մի 30 անգամ, արդյոք եթե մինչեւ պատերազմը երեք անգամ առանց կուլիսային խաղերի զանգեր, դեպքերն այլ զարգացում չէին ունենա։ Հիշեցում, մեկ տարուց ավելի Նիկոլը չի կարողացել հանդիպել ՌԴ նախագահին, մտածեք՝ ինչու չի կարողացել։
6. Նիկոլը պատերազմից անմիջապես հետո հայտարարել է, որ պատերազմն անսպասելի չէր, միայն ժամն ու գլխավոր ուղղությունը չգիտեին. այդ դեպքում ինչու Պաշտպանության նախարարը Հայաստանում չէր եւ վերադարձավ միայն սեպտեմբերի 28-ի երեկոյան, առանց Նիկոլի իմացությա՞ն էր այլ երկրում։ Ինչո՞ւ էր պատերազմից ընդամենը մեկ օր առաջ ՀՀ ԱԱԾ-ն ծանուցագիր ուղարկել Վիտալին Բալասանյանին, եւ եթե նա ներկայանար, կալանավորվելու էր։ Ինչու էին Արցախի պաշտպանական շրջանների հրամանատարները վերջին ամիսներին փոխարինվում անփորձ զինվորականներով։ Ինչու Արցախյան առաջին, Ապրիլյան պատերազմի հաղթողները մեկուսացվեցին ռազմական գործողություններից։
7. Այս ամենի ֆոնին պատերազմի գրեթե ամբողջ ընթացքում ի՞նչ էր անում վարչապետի ամուսինն Արցախում։ Նա Գորիսում թաքնվեց այն ժամանակ, երբ ամեն բան խայտառակ ավարտ էր ունեցել։ Գեներալները հրամանատարական կետում նրա բարոյական աջակցության ոգեշնչման կարիքն ունեի՞ն, թե՞ պետք էր հետեւել, ուղղորդել, որ գծված սցենարից շեղումներ չլինեն։
8. Երբ հուլիսյան սահմանային միջադեպը Նիկոլը վերածում էր հերոսամարտի, ասում էր՝ ջախջախել ենք Ադրբեջանին, աջուձախ շքանշաններ էր բաշխում, նվաստացնում էր Ալիեւին, արդյոք չէ՞ր մոտեցնում պատերազմը։ Հիմա ով է ում նվաստացնում, ծաղրում, ստորացնում։ Ինչո՞ւ Նիկոլը չի համարձակվում կես բառ հակադարձել Ալիեւին։
9. Արդյոք ռազմական դրությամբ խոսքի, մամուլի ազատությունը, կարծիք արտահայտելու իրավունքը սահմանափակելը, սուտ հաղթական տեղեկատվությամբ մարդկանց խաբելը, հանրության դիմադրությունը չեզոքացնելու, պարտությունը լիարժեք դարձնելու նպատակ չուներ։
10. 2020 թվականի մարտի սկզբին Նիկոլն այցելեց Վրաստան։ Արդյոք միակ եւ անձնական խնդրանքը հարեւան երկրի ղեկավարությունից համարձակության համար մի բավական խմելուց հետո եղել է հայկական սիգարետների ազատ տարանցումն ապահովելը։
11. Արդյոք պատերազմի առաջին օրերին Հայաստանի Հանրապետության անունից իբրեւ պաշտոնական բանակցող Իրանի Իսլամական Հանրապետություն է գործուղվել մի շատ հայտնի խոշոր սեփականատեր։
12. Վերջին ելույթում Նիկոլը քաղաքացիներին ասում է՝ մի վախեցեք, ասում է ամենավախկոտը, նայեք՝ քանի թիկնապահով է շրջապատված, քանի շարք ոստիկան է Կառավարության առաջ իր կեցավայրի շուրջ։
13. Արդյոք 2019-ի ամռան այն օրը երբ Ռոբերտ Քոչարյանին դատարանն ազատ արձակեց, Նիկոլը վախից կուչ է եկել ամառանոցի սենյակներից մեկում ու դողդողացել։ Արդյոք նրան մեծ դժվարությամբ են դուրս բերել ընկճախտից։ Արդյոք նա այդպես դողդողացել է նաեւ տարիներ առաջ «Կոշի» կալանավայրում՝ կին փաստաբանի ձեռքը բռնած։ Արդյոք այդ նույն օրերին, երբ ամառանոցի դիմացի լանջի խոտերը հրդեհվել են, Նիկոլը հիստերիայի մեջ աղաղակել է՝ գալիս է, գալիս է, սա Քոչարյանն է ազդանշան ուղարկում։ Արդյո՞ք մինչեւ Ֆելքս Ցոլակյանը չի զանգել, չի ասել, թե մենք ենք խոտերը վառել, կանխարգելիչ հրդեհ է, ամեն ինչ վերահսկողության տակ է, Նիկոլը նոր չի հանգստացել։ Մի վախեցեք, ասում է մեկը, ով մի շաբաթ բունկերից դուրս չէր գալիս։
Արդյոք սխալվա՞ծ կլինեմ, եթե ենթադրեմ, որ այս եւ այլ դրվագների տիրապետում են նաեւ տարբեր երկրների համապատասխան մարմինները։
Նիկոլը մի անգամ ասել է՝ մեր ժողորդին ես բոլորից լավ եմ ճանաչում, եւ ճիշտ է, եւ սուտ։ Նիկոլը լավ է ճանաչում մեր ժողովրդի առավելագույնը 5 տոկոս կազմող հատվածին, որի մարմնավորումն ինքն է. անպատիվ, մարդատյաց, անսուրբ, անամոթ, խոստումնազանց, լկտի սուտասան, բարոյազուրկ, դեմագոգ, սարսափելի վախկոտ ու սարսափեի փողասեր։ Այս տեսակը դեռ իշխանության է Հայաստանում։ Այս տեսակը չի վերանալու, մեր խնդիրն է՝ այս տեսակին օր առաջ հեռացնել իշխանությունից, մեր խնդիրն է՝ պետական-հանրային կյանքում այս տեսակի ազդեցությունը այսուհետ բացառելը»։