«Ի՞նչ կա, ա՛յ իմ հնգեր». անմահության ճամփան բռնած Սարգիս Ղազարյանը

«Ի՞նչ կա, այ իմ հնգեր»․․․ Արցախյան պատերազմի ժամանակ զոհված Սարգսի սիրելի արտահայտությունն է։ Սարգիս Մովսեսի Ղազարյանը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Ճամբարակ քաղաքում, զինվորականի ընտանիքում։

Իրավաբան.net-ի հետ զրույցում հարազատներից պատմում են, որ Սարգիսը մանկուց գիտակցել է զինվորական կյանքի լրջությունը․

«Հայրը զինվորական էր և Սարգիսը նույնպես ընկղմվել էր այդ գործի մեջ։ Դպրոցական տարիներին աչքի է ընկել իր հավասարակշռված պահվածքով և խելացիությամբ։ Մանկուց երազում էր բժշկի մասնագիտության մասին, և ոչ մի ջանք չէր խնայում նպատակին հասնելու համար։ Սարգիսը ընդունվեց ԵՊԲՀ՝ անվճար։ Հետո որոշեց, որ հայրենիքի պարտքը պետք է կատարի, անցնի ծառայության, հետ վերադառնա ու շարունակի ուսումը»։

Երևանի պետական բժշկական համալսարանի ֆեյսբուքյան էջում Սարգիսի մասին գրված է․ «Ու ինչքան մարդ չհասցրեց ճանաչել նրան…
Ղազարյան Սարգիս Մովսեսի
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող էր, ապագա հիանալի բժիշկներց մեկը՝ ով զորացրվելով բանակ իր կյանքն ու ապագան չխնայեց ընկերներին փրկելու համար…»։

Սարգիսի մասին հարազատները պատմում են, որ տեսակով չափազանց բարի էր, հավասարակշռված, բայց միևնույն ժամանակ կտրուկ, իսկական հայ տղային վայել։ Դեռ մանկուց սիրում էր որսորդությունը, սպորտը, սակայն վերջին տարիներին այդքան էլ չէր կարողանում զբաղվել իր հոբբիով, քանի որ պարապում էր քիմիա և կենսաբանություն։

«Ընկերներին դիմում էր Ջիգյարով։ Սիրած արտահայտությունն էր․ «Ի՞նչ կա, այ իմ հնգեր»․․․ Ընտանիքի ու ընկերների պարծանքն էր։ Ծառայակից ընկերները նույնպես հայտնում են որ չափազանց մեծ նվիրումով է մոտեցել իր անձնազոհ գործին,օգնել է կարիգավոր զինվորին, ուժ ու դուխ տվել,որպեսզի ընկճվածություն չլինի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել