2 շաբաթ Էդոյից լուր չկար, հետո մարմինը գտնվեց․ վիրավորված վիճակում հողի տակից դուրս է բերել շուրջ մի քանի տասնյակ զինվորների և փրկել վերջիններիս կյանքը, սակայն արնաքամ լինելով՝ զոհվել

Ֆեյսբուքյան օգտատեր Արտաշես Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էդոն մեր մանկական ընկերն ա։ Նույն քաղաքում ենք մեծացել, նույն թաղամասում։ Տարիներ առաջ ընտանիքով տեղափոխվել էին Արցախ, և վերաբնակեցրել էին Արցախը։ Պատերազմը երբ սկսվեց, Էդոն Հոկտեմբերյան էր, հաջորդ օրը տաքսին նստեց և մեկնեց Արցախ։ Կամավորագրվելով Բերձորում խնդրել էր իրեն ուղարկել ամենաթեժ կետը՝ Ջրական (Ջեբրայիլ), որտեղ ծառայություն է անցել, որտեղ ապրիլյանին ևս մասնակցություն է ունեցել՝ իր ընտանիքի անդամների հետ միասին։ Մյուս եղբայրը՝ Գեղամը, այս պատերազմում ևս առաջնագծում էր, և իր բաժին կռիվն էր տալիս։ Էդոն գնաց պերեդավոյ, և շուրջ երկու շաբաթ Էդոյից լուր չկար, հետո մարմինը գտնվեց։ Իսկ թե ինչ սխրանքներ է գործել նա ռազմի դաշտում, պատմում էին իր մարտական ընկերները։ Նա վիրավորված վիճակում հողի տակից դուրս է բերել շուրջ մի քանի տասնյակ զինվորների և փրկել վերջիններիս կյանքը, սակայն արնաքամ լինելով՝ զոհվել։

Էդոն ու իր ընտանիքի որևէ անդամ տարբերություն չեն դրել Հայաստանցու ու Արցախցու միջև, Հոկտեմբերյանի, Երևանի ու Ջրականի (Ջեբրայիլի) միջև։ Նրանք գտնում էին, որ դա մեր Սուրբ Հայրենիքն է, որի համար պետք է պատրաստ լինել կյանքը զոհել։ Քչերը կգտնվեին, որ տաքսով կգնային ամենաթեժ կետը ու կզոհաբերեին իրենց կյանքը հանուն Հայրենիքի։ Էդոյի ու իր նման մեր մյուս ախպերների, ընկերների արածն ի զուր չի եղել, նրանք հաղթել են։ Նրանք ամենաթանկն են զոհաբերել հանուն Հայրենիքի։
Բարսեղյան Էդգար Սամվելի (1993-2020), հիշատակդ վառ ընկեր ջան, դու հաղթել ես, դու Հերոս ես։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել