Մի՛ վարվեք այնպես, որ «հայի հետին խելքը» արդիական դառնա․ Էմիլ Օրդուխանյան

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պետության և հայ ազգի համար այս ծանրագույն վիճակում նրանք, ովքեր ծաղրելու, հեգնելու, պառակտելու, զրպարտելու, դիմացինի սխալվելու հաշվին ճշմարիտ ձևանալու տրամադրություն, բաղձանք, ինքնահաստատման և ինքնիրացման առիթ, տարբեր հարթակներից փրկչի առաքելություն իրականացնելու անշեղ համոզում ունեն, երբևէ մտածում են, թե մենք ինչպիսի պարտավորվածություն և պատասխանատվություն ունենք պատերազմի հետևանքով հաշմված մեր ՀԵՐՈՍ ՏՂԱՆԵՐԻ նկատմամբ։ Թե ինչպիսի կենսապայմաններ ենք պարտավոր ստեղծել նրանց բարեկեցության ապահովման համար։ Թե ինչ և ինչպես պիտի անենք, որ նրանք առավելագույնս արժևորված իրենց զգան մեր հասարակությունում։ Ընկալում կա՞ այն բանի, որ շատերը դեռ թշնամու ուղղակի վտանգի առջև են կանգնած, և պետք է մեր գործողություններով գոնե չթուլացնենք նրանց ոգին։ Կա՞ պատկերացումն այն բանի, թե ինչ անել կամ ինչ չանել, որ անկախության կորուստ, թշնամու կողմից նոր տարածքային պահանջներ չլինեն։

Պատերազմի առաջին օրերին համախմբված էինք։ Ինչ է այսօր այլևս չկա՞ դրա անհրաժեշտությունը, թե՞ թշնամին է փոխվել և դարձել է խաղաղասեր, հոգնել է սպանելուց և նվաճելուց։ Ավաղ` ոչ։

Ուրեմն` դատարկ գործողությունների փոխարեն ուղղեք ձեր բոլոր ջանքերը այս խնդիրների լուծմանը։ Խնդիրներից խուսափելով, դրանք անտեսելով` ոչ թե լուծումներ եք գտնում, այլ խորացնում եք դրանք։

Մտածե՛ք, թե ինչ եք անում, և թե դա ինչ արդյունքի կամ հետևանքի կարող է հանգեցնել։

Մի՛ վարվեք այնպես, որ «հայի հետին խելքը» արդիական դառնա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել