Գիշերը, երբ տղերքին ուղարկեցինք՝ քնելու, սկսվեց աժիոտաժի առաջին «փուլը», որն ինձ համար չափազանց ծանր էր՝ ավելի, քան որևէ վտանգավոր կամ բարդ իրավիճակ․ Արեգ Սարդարյան

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Արեգ Սարդարյանը, ով վերջերս է վերադարձել առաջնագծից, ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սեպտեմբերի 28-ին հասանք Արցախ։ Մեզ միանգամից չթույլատրեցին բարձրանալ դիրքեր ու ստիպված եղանք մի փոքր սպասել։ Տղերքից մի քանիսը մնացին Ստեփանակերտում՝ կարգավորելու էդ խնդիրը, իսկ մյուսներս մեկնեցինք Շուշի, որտեղ պիտի սպասեինք Ստեփանակերտում մնացած մեր տղերքի խաբարին։ Շուշիում մեզ մեծահոգաբար ընդունեցին հյուրանոցներից մեկում, որի աշխատակիցների հետ հընթացս մտերմացանք։ Էդ հյուրանոցում սկսվեցին մեր ծանր օրերը։

Մի քանի ժամ էնտեղ մնալուց հետո նկատեցի, որ հյուրանոցում աշխատող կանանցից մեկը փորձում ա մեքենա գտնել, որ միջանցքում նստած 2 կանանց ու 5 երեխաներին Երևան տեղափոխեն։ Կանայք ու երեխաները Երևանում մնալու տեղ չունեին, ու էդ պահին ես հասկացա, որ չեմ կարող պարզապես նստել ու սպասել։ Մոտեցա, ծանոթացա։ Տղերքի հետ արագ կարգավորեցինք մեքենայի հարցը, իսկ հետո, իմ լավ ընկերներից մեկի միջոցով, կարգավորվեց նաև իրենց կեցավայրի խնդիրը։

Գիշերը, երբ տղերքին ուղարկեցինք՝ քնելու, սկսվեց աժիոտաժի առաջին «փուլը», որն ինձ համար չափազանց ծանր էր՝ ավելի, քան որևէ վտանգավոր կամ բարդ իրավիճակ, որում հայտնվել էի մինչ այդ ու դրանից հետո։ Հյուրանոց հասնող մարդկանց՝ կանանց, ծերերի ու երեխաների մեծ հոսքն ամբողջ գիշեր չդադարեց։ Լաց, օգնության աղերսանք, հիվանդ ու ծեր մարդիկ, վախեցած մանուկներ… Տղերքից մեկի հետ ամբողջ գիշեր օգնեցինք հյուրանոցի մի քանի աշխատակիցներին կառավարել էդ հոսքերը, տեղավորել մարդկանց, իջեցնել իրերը, իսկ առավոտյան արդեն սկսեցինք զբաղվել մեքենաների ու էդ մարդկանց մի մասի համար ապաստան գտնելու խնդիրներով։

Հաջորդ երկու ցերեկներն ու գիշերներն ավելի ծանր էին։ Մարդկանց հոսքը միայն մեծանում էր, պարբերաբար միանում էր օդային տագնապի ազդանշանը, ու մենք անընդհատ վազում էինք մի հարկից մյուս հարկ՝ արթնացնելու քնածներին, օգնելու ծերերին ու երեխաներին և ուղեկցելու բոլորին նկուղ։ Երիտասարդ մայրերը, ում ամուսիններն ու եղբայրները դիրքերում էին, չէին կարողանում զսպել արցունքները, իսկ երեխաները սկսում էին լաց լինել, երբ տեսնում էին, թե ոնց են իրենց մայրերն արտասվում։ Սկսեցինք երեխաների համար խաղեր կազմակերպել, համոզեցինք, թե նկուղ ենք իջնում՝ գետնին փռած դոշակների վրա թռվռալու, իսկ մայրիկները լաց չեն լինում, այլ ուրախացել են էդ խաղի մտքից։ Իրենց տները լքած, եղբայրներին, ամուսիններին ու զավակներին դիրքեր ճանապարհած մարդկանց ապրումներն ուղղակի դանդաղ սպանում էին մեզ։

Բոլորն իրենց էմոցիաներն արտահայտում էին յուրովի, իսկ մենք փորձում էինք սառը մնալ ու օգնել… սառը մնալ, երբ աչքիդ առաջ Արցախը դատարկվում ա, երբ 2 տարեկան երեխան լաց ա լինում ու չի հասկանում՝ ինչ ա կատարվում, երբ մայրը չգիտի՝ 4 երեխաներից ո՞ր մեկին գիրկն առնի, երբ հազիվ քայլող տատիկը խնդրում ա իրեն հետ տանել իր տուն, իսկ 13 տարեկան տղան մեծահասակների հետ վիճում ա, որովհետև իրեն չեն թողնում գնալ ճակատ ու փորձում են ուղարկել Երևան, երբ ծեր ու հիվանդ կնոջը միակ հարազատը՝ որդին բերում ու թողնում ա հյուրանոցում՝ ասելով, որ գնում ա դիրքեր, իսկ մորը հարկավոր ա ապահով տեղ թողնել։ Ո՞նց սառը մնաս… սառը մնալ կլինի՞, երբ էսքանը տեսնում ես ու իմանում, որ էս մարդկանց հարցերով պետությունը նորմալ չի զբաղվում ու եթե որևէ մեկը՝ անհատը, կամավորը չօգնի իրենց, իրենք հասնելու են Երևան ու չեն իմանալու՝ ինչ անել… մնալու են դրսում։ Ինչքան եղել եմ Արցախում, փաղաքշական որևէ խոսք, օրհնություն, «ջան» չեմ լսել տեղի մեր հայրենակիցներից։ Դե, մենթալիտետի (գուցե, ավելի ճիշտ բնորոշում էլ գտնեք) խնդիր ա, որը շատերը սխալմամբ շփոթում են չկամության հետ։ Էդ օրերին մենք էդ մարդկանցից էնքան օրհնություն ենք ստացել եւ շնորհակալության խոսքեր լսել, որ նույնիսկ ամաչում էինք, վատ էինք զգում մեզ…

Մենք փորձում էինք մարդկանց օգնել, իսկ տեղի մարդիկ՝ հյուրանոցի աշխատակիցները, որոշ պաշտոնյաներ, Շուշիի մի քանի բնակիչներ փորձում էին մեզ օգնել հնարավոր ամեն հարցում։

Գիտե՞ք, ծառայությանս տարիներին նույնպես շատ արցախցիների եմ հանդիպել, ովքեր հնարավոր ամեն կերպ ուզել ու փորձել են օգտակար լինել։ Հա՛, վատ մարդիկ էլ են եղել, բայց ո՞ր գյուղում շուն չի լինում… զինվորի գործը միշտ գնահատվել ա էնտեղ՝ չնայած, որ իրենց ու մեզ մոտ արտահայտման ձևերը մի փոքր տարբեր են, իսկ պատճառը շատ պարզ ա. Արցախում գրեթե յուրաքանչյուր ընտանիքում զինվորական կա։ Իրենց համար համազգեստով մարդը նույնքան սովորական երևույթ ա, որքան Երևանում սպորտային հագուստով մարդը։ Ես ունեմ հրաշալի ընկերներ, ովքեր Արցախից են, Արցախում տեսել եմ շատ ու շատ լուսավոր մարդկանց, ծառայել եմ ու կռվի դաշտում եղել եմ արցախցի հզոր տղերքի հետ՝ թե՛ հրամանատարների, թե՛ զինվորների, թե՛ կամավորների ու պահեստազորայինների հետ։

Ինչի՞ համար եմ էս ամենը գրում… չգիտեմ։ Երևի, ուզում եմ, որ դուք էլ մի քանի դրվագով էդ մարդկանց կյանքն ու կենցաղը փոքր օրինակներով պատկերացնեք։ Ուզում եմ Ստեփանակերտում դպրոցի բացման էսօրվա արարողության նկարները ձեր էջերում տեղադրելուց արցախցիների մասին ավել֊պակաս չխոսեք՝ առանց հասկանալու, թե ինչ եք ասում ու անում։ Հա՛, ինձ էլ դուր չի եկել տեսածս, բայց ու՞մ եք մեղադրում… եթե նույնիսկ էդ մարդիկ սխալ քայլ են արել, ո՞վ ա ասում, թե բոլոր արցախցիներին կարելի ա մեղադրել ու մի բան էլ պիտակներ կպցնել։ Իսկ արդյո՞ք սխալ որևէ բան են արել։ Էդքան վրդովվում եք, թե զինվորներին մի թույլ բերան շնորհակալություն չեն ասել կամ տորթ չեն թխել, իսկ վրդովվողներիդ մեծ մասին, չգիտեմ՝ ոնց, բայց «մի բաժակ ջուր չեն տվել»…ախր, զինվորներին շնորհակալություն միշտ, բոլոր ժամանակներում են հայտնել…

էսօր արցախցին մենակ ու անտեր ա մնացել, որովհետև մեր պետությունը չի կարողացել երաշխավորել իր անվտանգությունը, չի լուծել անգամ պարզագույն խնդիրները, որ էդ մարդիկ՝ տուն ու տեղը կորցրած, շիվարած կանայք ու երեխաները, ծերերը ապրելու համար տարրական պայմաններ ունենան թե՛ տեղահանվելուց, թե՛ Արցախ վերադառնալուց հետո։ Հասկանու՞մ եք, թուրքերը գնացել են ու էդ մարդկանց այգիներն ուզում են վերցնել, իսկ իրենք էնտեղ մնացել են միայնակ, մնացել են ռուս խաղաղապահի բարյացկամության հույսին։ Էսօր Ռուսաստանում են էս մարդկանց ջեռուցման ու հոսանքի հարցի մասին խոսում, գերիների վերադարձի գործընթացը սկսելու համար գումար դուրս գրում… Եթե նույնիսկ էս մարդիկ ատեն ռուսներին, հիմա փրկության հնարավորություն տեսնում են միայն ռուսների բարեկամությամբ ու փորձում են շահել էդ բարեկամությունը։ Իրենց մեղադրել պետք չի, որ մեր պետությունն իրենց այլ հնարավորություն չի տվել…պետք չի ասել, թե մենք իրենց համար ենք կռվել, իսկ իրենք էսպես են վարվել։ Մենք իրե՛նց համար չենք կռվել։ Ավելի ճիշտ կլինի ասելը՝ նաև իրենց համար ենք կռվել, կռվել ենք մե՛զ համար, մեր երկրի, հող ու ջրի, մեր արժանապատվության, հայրենիքի, ընտանիքների ու խաղաղության համար։ Արցախը իմն ա՝ ճիշտ էնքան, ինչքան Երևանը ու նաև ճիշտ էնքան, ինչքան Երևանն արցախցունն էլ ա։

Ինչ մնում ա ինձ, ապա ես անսահման շնորհակալ եմ տղերքին ու անսահման շնորհակալ եմ էն մարդկանց, ովքեր էսքանից հետո վերադարձել են Արցախ՝ ապրելու, արարելու, պայքարելու ու մեր տունն առանց իրական տիրոջ չթողնելու։ Արցախը տուն կգա…»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել