ՀՀ Ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել․
«Հաշվի առնելով, պետական մարմինների աշխատակիցների վարձատրության բաղկացուցիչ՝ պարգևավճարների շուրջ ծավալված քննարկումները և մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ նաև Նախարարություն) աշխատողներին վճարված պարգևատրումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներում տեղ գտած գնահատականները և նպատակ ունենալով կանխելու հնարավոր շահարկումները ստորև ներկայացվում են նախ՝ Նախարարության վերաբերելի տեղեկատվությունը, իսկ հետո նաև, առհասարակ, պետական մարմինների աշխատակիցների վարձատրության իրավակարգավորումները, արձանագրված խնդիրները, լուծման նախանշված ուղիները և հիմնական ցուցանիշները։
ՀՀ ֆինանսների նախարարություն․
Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողություններով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարությունը փոխադրվել է ռազմական դրության աշխատանքային ռեժիմի՝ ապահովելով նախարարությանը վերապահված գործառույթների (այդ թվում՝ ռազմական գործողությունների ֆինանսական ապահովման նպատակով հրատապ ծախսերի կատարման կազմակերպում) շուրջօրյա՝ 7/24 ռեժիմով իրականացումը և ս.թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքի համար նախարարության որևէ աշխատակցի պարգևատրում չի վճարվել: Ս․թ․ հոկտեմբերին, ինչպես նախկինում տեղեկացվել է, Նախարարության աշխատակիցներին պարգևավճարներ են հատկացվել սեպտեմբերին կատարված աշխատանքների համար։
Ծանրաբեռնվածության, ըստ էության, կրկնապատկման պայմաններում հոկտեմբեր ամսվա համար Նախարարության աշխատակիցները ստացել են տասնամյակներով ձևավորված, ուստի նաև իրավաչափորեն ակնկալվող վարձատրության չափի, որն իր մեջ ներառում է նաև պարգևատրման գումարը՝ միայն մի մասը (միայն հիմնական աշխատավարձը) և այդ նույն ժամանակ անտրտունջ կատարել են իրենց պարտականությունները ճիշտ այնպես, ինչպես հարիր է համախմբման կոչին արձագանքած հասարակության յուրաքանչյուր անդամին: Այս տեսակետից, հասարակությունը պառակտելու՝ հայրենասերների և պակաս հայրենասերների բաժանելուն ուղղված փորձերը դատապարտված են ձախողման, որովհետև ռազմական դրության ժամանակահատվածում ֆինանսների նախարարության կամ որևէ այլ պետական մարմնի աշխատակիցը.
- ռազմական գործողությունների առաջին օրվանից ընդհանուր զորահավաքի շրջանակում զորակոչվել և ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում, կամ
- գործառութային պարտականությունների կատարման տեսակետից օբյեկտիվորեն գնահատելով իր՝ պետական մարմնում ծառայությունը շարունակելու անհրաժեշտության աստիճանը, սահմանված կարգով կամավորագրվել է՝ պատրաստ լինելով համալրել ՀՀ զինված ուժերի շարքերը, կամ
- չտրվելով զգազմունքային պոռթկումներին և Հայրենիքին ծառայությունով առավելագույն նպաստ բերելու վերաբերյալ հավասարակշռված դատողության արդյունքում, շարունակել է ծանր ժամանակներում բարեխղճորեն կատարել ոչ միայն իր ընթացիկ պարտականությունները, այլև աշխատել է կրկնակի ծանրաբեռնվածությամբ։
Հետևաբար, պետական մարմնում աշխատանքը և դրա համար վարձատրությունը շահարկելով՝ որպես հասարակական պարսավանքի առարկա ներկայացնելու ուղղությամբ փորձերն ապարդյուն են։ Ճիշտ հակառակը՝ յուրաքանչյուր պատասխանատու վերաբերմունք, Հայրենիքին մատուցած բարեխիղճ ծառայություն պետք է գնահատվի համարժեքորեն և միանշանակորեն արժանանա հարգանքի։
Ինչ վերաբերում է այն տեսակետին, որ պարգևատրումների տրամադրումը զուգորդվել է «Հայաստան» Համահայկական Հիմնադրամից նվիրաբերությունների ստացմամբ, ուստի և ավելորդ շռայլություն է, ապա հարկ է նկատի ունենալ, որ տնտեսական անկման սպասմամբ պայմանավորված պետական բյուջեի ծախսերի կրճատման հարց չի քննարկվել, իսկ հանգանակությունները հիմնադրամին օրենքով չէին կարող կատարվել պետական բյուջեից, մինչդեռ քաղաքացիները, որոնց թվում են նաև Նախարարության աշխատակիցները, կարող էին և փաստացի կատարել են փոխանցումներ հիմնադրամին՝ իրենց վաստակած եկամուտներից:
Ներկայացվածը պարզաբանենք 2020 թվականի բյուջեի հաշվարկային ցուցանիշներով կամ ինչպես ընդունված է ասել՝ թվերով: Ֆինանսների նախարարության կանոնադրական գործառույթների իրականացման համար սահմանված է 522 հաստիքային միավոր։ Ստորև աղյուսակում ներկայացված են Նախարարության աշխատանքի վարձատրությանը վերաբերելի ցուցանիշները։
Հազ․ դրամ
Գումար |
Միջին տարեկան վարձատրություն (2/522) |
Միջին ամսական վարձատրություն (3/12) |
|
1 | 2 | 3 | 4 |
Ֆինանսների նախարարության աշխատակազմի պահպանման ծախսեր | 2’495’967.9 | ||
Աշխատանքի վարձատրություն | 2’306’231.6 | 4’418 | 368 |
Աշխատավարձեր և հավելավճարներ | 1’793’735.7 | 3’436 | 286 |
Ընդամենը պարգևավճարներ | 512’495.9 | 982 | 82 |
Պարգևատրումներ | 353’800.0 | ||
Քաղաքացիական ծառայողների պարգևատրումներ | 158’695.9 |
Դժվար չէ նկատել, որ ֆինանսների նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի 92.4%-ը տրամաբանորեն օգտագործվում է աշխատանքի վարձատրության նպատակով, որի 29%-ը հաշվարկային պարգևավճարների չափն է և հաշվարկային 522 հաստիքային միավորի համար, փաստորեն, նախատեսված միջին ամսական համախառն վարձատրության չափը կազմում է 368 հազ դրամ՝ ներառյալ միջին ամսական 82 հազ դրամ պարգևավճարները։
Ավելորդ չէ նշել նաև, որ Ֆինանսների նախարարության դեպքում աշխատողների պարգևատրման ֆոնդ նախատեսվել է վերջին շուրջ 2 տասնամյակների պետական բյուջեների մասին օրենքներով, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել Նախարարությունում ձևավորել աշխատակազմի որակյալ միջուկ, որի գործունեության արդյունքն են հանրային ֆինանսների կառավարման բնագավառում տեղի ունեցած նշանակալի կառուցվածքային բարեփոխումները (մակրոկանխատեսումներ, բյուջետավորում, գնումներ, գանձապետարան և բյուջեների կատարման կազմակերպում, պետական պարտքի կառավարում, բյուջեների կատարման հաշվետվություններ՝ իրենց արդյունքներով):
Աշխատանքի վարձատրության իրավական կարգավորումները պետական մարմիններում, արձանագրված խնդիրները և լուծման ուղիները․
- Ինչպե՞ս է կազմակերպվում հանրային ծառայողների աշխատանքի վարձատրությունը
«Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, պետական մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրության սկզբունքները, նրանց հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի, պարգևատրման, դրամական օգնության կազմակերպման և վարձատրության հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք):
Օրենքով (4-րդ հոդված) պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմքում, ի թիվս այլնի, դրված են հետևյալ սկզբունքները՝
- պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական, արդարացի համակարգի և պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պարտականություններին, պատասխանատվությանը համապատասխանող հիմնական աշխատավարձի ապահովումը.
- պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի հիմնավորված տարբերակման ապահովումը.
- համարժեք աշխատանքի և փորձառության համար համարժեք վարձատրությունը:
Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը կազմված է Օրենքով սահմանված հիմնական աշխատավարձից, լրացուցիչ աշխատավարձից և պարգևատրումներից։ Լրացուցիչ աշխատավարձը ներառում է հավելումները և հավելավճարները:
Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց պարգևատրումը կարող է իրականացվել ՀՀ պետական բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդից, աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, տվյալ մարմնի աշխատանքների փորձարարական կազմակերպման համար օպտիմալացված միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
Պետական ծառայողների պարգևատրման աղբյուրները, չափերը և կարգը սահմանված են Օրենքի 22-րդ հոդվածով, որը, ի թիվս այլնի, սահմանում է, որ պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված այլ պաշտոնատար անձը հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պետական ծառայողներին կարող է պարգևատրել աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից և (կամ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
Այսպես, օրինակ, ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով պետական մարմինների աշխատավարձի ֆոնդում նախատեսվել է պետական ծառայողների պարգևատրման ֆոնդ` նրանց 2019 թվականի աշխատավարձի ֆոնդի 10 տոկոսի չափով (հիմք՝ Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մաս): Միաժամանակ, 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքով ներմուծված միասնական մոտեցման արդյունքում նախաձեռնվել և 2019 թվականի ընթացքում օրենքներով դադարեցվել է առանձին մարմինների համար պարգևավճարների լրացուցիչ աղբյուր հանդիսացող արտաբյուջետային հաշիվների գոյությունը և բոլոր մարմինների համար 2019 թվականից սկսված միասնական մոտեցմամբ նախատեսվել է աշխատավարձի ֆոնդի 30%-ի չափով պարգևատրման ֆոնդ՝ ներառյալ պետական ծառայողների պարգևատրման ֆոնդը:
- Որքանո՞վ է հիմնավորված պարգևատրման համակարգի պահպանման անհրաժեշտությունը
Այս կապակցությամբ ամենից հաճախ շրջանառվող տեսակետը հանգում է նրան, որ պարգևատրման համակարգն ինքնին խնդրահարույց է, իսկ հանրային ծառայողների աշխատավարձի կառուցվածքն արմատական վերանայման անհրաժեշտություն ունի. պարգևատրումներն անհրաժեշտ է վերացնել կամ հասցնել նվազագույնի, իսկ ազատված միջոցներն ուղղել հիմնական աշխատավարձի բարձրացմանը: Այս տեսակետը, անշուշտ, հիմնավորված է, բայց որևէ հիմնախնդրի լուծման համար միակ ընդունելի համակարգային մոտեցումը պահանջում է հարցը քննարկել հանրային կառավարման բարեփոխումների համատեքստում. համակարգակազմիչ տարրերից մեկի փոփոխությանն ուղղված մասնակի լուծումները սպառնում են համակարգային ճգնաժամերի վտանգով, ուստի և անընդունելի են:
Հանրային կառավարման համակարգի օբյեկտիվ ախտորոշումը տրվել է Կառավարության ծրագրով և հանգում է հետևյալին. «պետական կառավարման ուռճացված համակարգը՝ իր տեսանելի և անտեսանելի մարմինների չարդարացված ծավալով, գործառույթների և ոլորտների կրկնողությամբ, դրա հետևանքով առաջացած անարդյունավետությամբ, պատասխանատվության մեխանիզմների անորոշությամբ, հիմնազուրկ բեռ է հարկ վճարողների համար և լրջագույն խոչընդոտ՝ Հայաստանի մրցունակության բարձրացման ճանապարհին: Մեզ պետք է ծախսարդյունավետ, դինամիկ, ճկուն և մրցունակ պետական կառավարման համակարգ»։
Այլ կերպ ասած՝ պետական ծառայության համակարգում արժանիքների հիման վրա աշխատանքի ընդունման և առաջընթացի ապահովման հիմնախնդրի լուծումն անհրաժեշտաբար պետք է զուգորդվի հանրային կառավարման համակարգի արմատական վերափոխմամբ, ներառյալ.
- ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ ուղղված պետական կառուցակարգի պարզեցմանը, կրկնվող գործառույթների բացառմանը,
- կառավարչական բարեփոխումներ՝ ուղղված պետական գործառույթների ավտոմատացմանը, ստանդարտացմանը և ալգորիթմացմանը, ինչպես նաև ստանդարտ գործառույթների իրականացման պատվիրակմանը, լիցենզիաների, թույլտվությունների տրամադրման, հաշվետվությունների ընդունման ավտոմատացմանը:
Պետական կառուցակարգի բարեփոխված մոդելը թույլ կտա վերանայել նաև պետական ծառայողների վարձատրության քաղաքականությունը՝ վերջիններիս պարտականություններին, պատասխանատվությանը համապատասխանող հիմնական աշխատավարձի ապահովմամբ:
Իսկ մինչ այդ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ վերը ներկայացված ախտորոշմամբ բնութագրվող հանրային կառավարման համակարգի առկայության պարագայում պարգևատրմանն ուղղվող միջոցների հաշվին պետական ծառայողների աշխատավարձի բարձրացման դեպքում առկա խնդիրները ոչ միայն չեն վերանա, այլև կավելանան, քանի որ այդ դեպքում պարզապես հնարավոր չի լինի ապահովել վարձատրության չափերի հիմնավորված տարբերակումը. համամասնորեն, բայց ոչ էական չափով կբարձրանա թե՛ ծանրաբեռնված և արդյունավետ աշխատող, թե թերծանրաբեռնված և հավելյալ արդյունք չապահովող ծառայողների աշխատավարձը: Նշվածը կրկին հաստատում է, որ խնդրո առարկա հարցի համակարգային լուծումն այլընտրանք չունի:
Եվ այդ առումով, հանրային կառավարման բարեփոխումների օրակարգը Կառավարության համար առօրեական խնդիր է, բայց, մյուս կողմից, անընդհատ է նաև հանրային կառավարումը՝ որպես գործառույթ, որն ապահովվում է հանրային ծառայության մեջ ներգրավված անձանց աշխատանքի միջոցով:
Նման պայմաններում պարգևատրումը, որպես պետական ծառայողների աշխատանքի վարձատրության կառուցվածքի տարր, ծառայում է իբրև «ժամանակավոր» միջոց՝ ուղղված աշխատանքի և փորձառության համար համարժեք, աշխատաշուկայի պայմաններին մոտարկված վարձատրության ապահովմանը:
Հարկ է հաշվի առնել, որ ի տարբերություն ֆինանսների նախարարության, որի արտաբյուջետային հաշվի գործողությունը դադարեցվել է շուրջ 2 տասնամյակ առաջ և դրա փոխարեն պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվել է պարգևավճարի գումար, մի շարք այլ պետական մարմինների դեպքում՝ ծառայողների համարժեք վարձատրության խնդիրը փորձ է կատարվել լուծել այդ նպատակով բացված արտաբյուջետային ֆոնդերի միջոցով: Այդ փորձերը, սակայն, Կառավարության ծրագրում բերված հիմնավորումներով գնահատվել են որպես չհաջողված, վկայակոչված ֆոնդերը, ինչպես արդեն նշվել է՝ նախաձեռնված օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերացվել են և բոլոր պետական մարմինների պարգևատրման հարցում ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի ընդունումից ի վեր որդեգրվել է միասնական մոտեցում (աշխատավարձի ֆոնդի 30%-ը), որից բացառություն է կազմել Պետական եկամուտների կոմիտեն։
ՀՀ պետական մարմիններում աշխատանքի վարձատրության հիմնական ցուցանիշները․
Այժմ կրկին ներկայացվածը պարզաբանենք 2020 թվականի բյուջեի հաշվարկային թվերով: Պետական մարմինների պահպանման միջոցով 2020 թվականի պետական կառավարման համակարգի գործունեությունը կազմակերպելու համար սահմանվել է 19՛709 հաստիքային միավոր։ Ստորև աղյուսակում ներկայացված են պետական մարմինների աշխատակիցների վարձատրությանը վերաբերող հիմնական ցուցանիշները։
Հազ․ դրամ
Գումար |
Միջին տարեկան վարձատրություն (2/522) |
Միջին ամսական վարձատրություն (3/12) |
|
1 | 2 | 3 | 4 |
Պետական մարմինների պահպանման ծախսեր | 128’042’475.6 | ||
Աշխատանքի վարձատրություն | 87’413’269.6 | 4’435 | 370 |
Աշխատավարձեր և հավելավճարներ | 65’458’419.3 | 3’321 | 277 |
Ընդամենը պարգևավճարներ | 21’954’850.3 | 1’114 | 93 |
Պարգևատրումներ | 18’025’745.1 | ||
Քաղաքացիական ծառայողների պարգևատրումներ | 3’929’105.2 |
Այս դեպքում նույնպես կարելի է նկատել, որ պետական մարմինների աշխատանքի վարձատրության նպատակով հաշվարկային 19’709 հաստիքային միավորի համար, փաստորեն, նախատեսված միջին ամսական համախառն վարձատրության չափը կազմում է 370 հազ դրամ՝ ներառյալ միջին ամսական 93 հազ դրամ պարգևավճարները։
Ամփոփելով պետք է արձանագրել, որ Հայաստանի մրցունակության բարձրացման նպատակադրումն իրականություն կարող է դառնալ որակյալ հանրային կառավարման պարագայում, իսկ դրան հասնելու ճանապարհին դժվար է գերագնահատել դրա կարևորագույն բաղկացուցիչ հանդիսացող աշխատանքի՝ համաչափ ծանրաբեռնվածություն կանխորոշող և Հայաստանում ձևավորված աշխատուժի շուկային համարժեք վարձատրության համակարգի առկայության անհրաժեշտությունը»։