Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանի շրջանային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի աջակցություն պատերազմից տուժած Արցախի խաղաղ բնակչությանը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից հայտնում են.

«Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանի շրջանային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի աջակցություն պատերազմից տուժած Արցախի խաղաղ բնակչությանն ու ի սատարումն Արցախի Հանրապետության ճանաչմանը։
Բանաձևում մասնավորապես, նշված է, որ շրջանային խորհուրդը՝

▪️ Հաստատում է հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու հրատապ անհրաժեշտությունը` երաշխավորելու տուժած քաղաքացիական բնակչության կայուն անվտանգությունը և Արցախում խաղաղության հաստատման և նրա ճանաչման գործընթացի կյանքի կոչումը,

▪️ Լիազորում է շրջանային խորհրդի նախագահին դիմել Հանրապետության Նախագահին՝ ելնելով այն անհրաժեշտությունից, որ Ֆրանսիան պետք է ներգրավվի` հօգուտ հակամարտության վերջնական լուծման, խաղաղության, Արցախի ճանաչման գործընթացի կյանքի կոչման։

▪️ Կոչ է անում ազգային, եվրոպական և միջազգային իշխանություններին միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու հակամարտության զոհ դարձած հայ խաղաղ բնակչության պաշտպանությունը և գործադրելու նրանց անվտանգությանը նպաստելուն միտված բոլոր միջոցները,

▪️ Վերահաստատում է իր աջակցությունը հակամարտությունից տուժած հայ բնակչությանը՝ տևական խաղաղության և ազատության հասնելու նրանց նկրտումների հարցում, ինչպես նաև իր անսասան բարեկամությունը Հայաստանին, երկիր, որի հետ Ֆրանսիան ամուր և բացառիկ կապեր ունի՝ մասնավորապես 1915 թ.- ի հայոց ցեղասպանությունից ի վեր,

▪️ Տրամադրում է 75,000 եվրոյի չափով շտապ մարդասիրական օգնություն Ֆրանսիայի Հայկական ընդհանուր բարեգործական միության (ՀԲԸՄ Ֆրանսիա) Արցախի քաղաքացիական բնակչությանն աջակցություն ցուցաբերելու նպատակով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել