«Այս օրերին շատ է խոսվում այն մասին, թե ժողովուրդը կորցրել է վստահությունը պաշտոնական լրատվության նկատմամբ եւ որպես հիմնավորում բերվում է, թե իբր պատերազմի ընթացքում կառավարությունը եւ ես սխալ տեղեկություններ ենք փոխանցել հանրությանը:
Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է: Պատերազմի մեկնարկին եւ հընթացս տեղի ունեցած իմ բոլոր ելույթներում ես պատերազմի մասին գործնականում ասել եմ ամեն ինչ, ասել եմ մի փոքր այլ՝ պատերազմին հատուկ եղանակներով եւ ձեւերով, ասել եմ այնպես, որ ասվածը հակառակորդին չտա այնքան տեղեկատվություն, որը կարող է անթույլատրելի լինել եւ սպառնալիք դառնալ մեր անվտանգության համար:
Կամ ընդհանրապես՝ պաշտոնական մարմինների կողմից մի՞թե չի ասվել, որ մարտեր են ընթանում Հադրութի մերձակայքում, մի՞թե չի ասվել, որ մարտեր են ընթանում Մարտունիի մերձակայքում, մի՞թե չի ասվել, որ մարտեր են ընթանում Շուշիի եւ Քարինտակի մերձակայքում, մի՞թե չի ասվել, որ փակ է Լաչին-Ստեփանակերտ ավտոճանապարհը, մի՞թե չի ասվել Սյունիքի ինքնապաշտպանության խմբեր ձեւավորելու մասին: Ի՞նչ էր նշանակում այդ ամենը: Կամ ուրիշ էլ ինչպե՞ս պետք է ասվեր այդ ամենը՝ աղիողորմ ճիչերո՞վ, փախչել-փրկվելու կոչերո՞վ, խուճապ տարածելո՞վ:
Այո՝ ասվել է նաեւ մեր բանակի ու զինվորների, սպաների ու գեներալների հերոսությունների մասին: Իսկ մի՞թե դա սուտ է: Պատերազմական գործողությունները ընթացել են Սոթքից մինչեւ Հորադիզ: Հույս ունեմ՝ պատկերացնում եմ այդ ողջ ծրագիծը:
Սոթքից մինչեւ Հաթերք հատվածում՝ չնայած պատերազմի առաջին օրերին դիրքեր էին կորսվել, բայց հընթացս այդ դիրքերը ետ են վերցվել, եւ մինչեւ պատերազմի վերջին օրը այդ հատվածում առաջնագիծը լիարժեք կանգուն էր: Եղնիկների հատվածում մինչեւ պատերազմի վերջին օրը հակառակորդը, ըստ էության, ոչ մի էական հաջողություն չի ունեցել: 6-րդ պաշտպանական շրջանում՝ չնայած Թալիշի կորստին, մինչեւ վերջին օրը Մատաղիսի հատվածով բնագծերը պահվել են: 5-րդ, 4-րդ, 3-րդ պաշտպանական շրջանները մինչեւ վերջին օրը, ըստ էության, պահել են առաջնագիծը: 2-րդ պաշտպանական շրջանը մինչեւ վերջ պահել է առաջնագիծը եւ վերախմբավորվել է հրամանով՝ ռազմական իրադրությունից ելներով: Նույնը կարելի է ասել 1-ին պաշտպանական շրջանի մասին: Բա էնտեղ այս իրավիճակը պահած զինվորները, սպաները, գեներալները ի՞նչ են, եթե ոչ հերոսներ, բա նրանց արածն ի՞նչ է, եթե ոչ հաղթական, կանգուն իրավիճակ:
Այս մարդիկ հերոսական կռիվ են տվել, այդ մարդիկ հերոս են, այո, նաեւ նրանց կյանքերը փրկելու, նրանց շրջափակվելը թույլ չտալու համար եմ գնացել նոյեմբերի 9-ի որոշման, որովհետեւ այս մարդիկ անմնացորդ նվիրումով ու հերոսաբար ծառայել են հայրենիքին, գնացել են աննկարագրելի զոհողությունների հանուն հայրենիքի: Եւ այդ մինչեւ 35.000 զինվորի, սպայի, գեներալի կյանքը փրկելը, նրանց նվիրումին և զոհողություններին զոհողությունով պատասխանելը, այո՛, նաեւ հայրենիքի պարտքն էր»,-այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց նոյեմբերի 27-ի տեսաուղերձում։