Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 27-ին հանդես եկավ տեսաուղերձով, որում նշեց,
«Հատկապես այս դժվարին օրերին շատ կարեւոր է պահպանել մեր ազգային հպարտությունը եւ մեր ազգային արժանապատվությունը, որովհետեւ հպարտությունն ու արժանապատվությունը շատ հեշտ է պահպանել, երբ այն հարվածի տակ չէ, երբ նրան ոչինչ չի սպառնում, բայց առավել կարեւոր է այն պահպանել, երբ արժանապատվությունն ու հպարտությունը հայտնվել են բազմաթիվ հարվածների ներքո:
Հատկապես վերջին օրերին մենք տեսնում ենք, որ ներհայաստանյան հանրահայտ խմբեր, ընդ որում, արտաքին ուժերին համընթաց – ընդ որում, արտաքին ուժերին համընթաց նրանք գործում են բավական երկար ժամանակ, ձեզ հայտնի արտաքին ուժերի մասին է խոսքը – մեր ազգային հպարտության ու արժանապատվության խոցերը բորբոքելը դարձրել են իրենց հիմնական անելիքը:
Երեկ, օրինակ, ոմանք՝ բառիս բուն իմաստով խրախճանք, կրկնում եմ՝ խրախճանք էին նախաձեռնել այն ստահոդ լուրերի ֆոնին, թե Հայաստանի կառավարությունը Գեղարքունիքի մարզից տարածքներ է զիջել Ադրբեջանին:
Նման պահվածքը գուցե եւ ունենա հազար ու մի բացատրություն, նման պահվածքի քննադատությունը գուցե թե ունենա հազար ու մի հակադարձում, ոմանք գուցե ալիքի մեջ ընկնելու ոչ մի, այսպես ասած, չարամիտ բան նկատի չեն ունեցել, բայց այս ամենի տակից, խորքից մենք պետք է դուրս բերենք այդ խրախճանքը նախաձեռնողների հիմնական նպատակը. Հայաստանում եւ նրանից դուրս կան մարդիկ ու խմբեր, ովքեր փորձում են անիշխանության տպավորություն ստեղծել, տպավորություն ստեղծել, թե Հայաստանում անիշխանություն է, ովքեր փորձում են քաոս սերմանել մեր երկրում, նրանք ուզում են ուղղակի պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս, ավտոմատների ու հանցավոր խմբերի գործադրմամբ երկիրը դնել ազատ անկման վիճակում՝ որպես փրկիչ իրենց վերադարձը ապահովելու համար:
Ուզում եմ հստակ եւ աներկբա ասել՝ մենք սա թույլ չենք տալու, ոչ թե նրա համար, որ իշխանությունից կառչած ենք, այլ որովհետեւ դա չի ուզում ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին, ում հպարտությունը, այո՛, խոցված է, բայց ոչ ոչնչացված, ում արժանապատվությունը, այո՛, վիրավորված է, բայց ոչ մահացած»: