Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարության մեջ, ինչպես գիտենք, անորոշությունները շատ են: Եռակողմ հայտարարության կետերից մեկի համաձայն Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Լաչինի շրջանը մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Բայց այսօր խնդիրներ ունենք արդեն. տարբեր ահազանգեր եմ ստանում։
Ի՞նչ խնդիրներ ունենք. Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի միակ կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Դեկտեմբերի 1-ը մոտենում է, և պետք է հնարավորինս արագ պարզաբանում մտցվի, որպեսզի երեկվա Սոթքի միջադեպի նման իրավիճակներ չունենանք: Մարդիկ տներն են քանդում, անորոշ վիճակ է, միաժամանակ հստակ տեղեկություն չունեն, թե որ բնակավայրերը պիտի դատարկվեն: Որոշներին ժամանակ չի տրվում, հիմա են պահանջում դուրս գալ։
3 երկրների առաջնորդների համատեղ հայտարարության մեջ նշվում է Լաչինի միջանցքի 5 կմ լայնությամբ հատվածի մասին, որ մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Բայց չունենք համապատասխան մանրամասներ:
. Եթե Լաչինը հանձնվում է, ինչ է սպասվում Բերձոր քաղաքին:
. Բնակավայրերը մտնում ե՞ն այդ 5 կմ լայնությամբ հատվածում, թե՞ ոչ, տեղի բնակիչները մնալու՞ են այնտեղ, թե ոչ:
. Այդ հատվածում մենք մարտական հերթապահություն իրականացնելու՞ ենք, թե՞ միայն ՌԴ խաղաղապահ ուժերն են վերահսկողություն իրականացնելու:
. Խաղաղապահները սահմանապահ գործառույթնե՞ր են իրականացնելու, թե՞ միայն անցակետի հերթապահություն և ի՞նչ ինտերվալով են կանգնելու։
. Լաչինի միջանցքի 5 կմ լայնությամբ այդ հատվածում խաչվելու՞ են մեր մեքենաները ադրբեջանցիների մեքենաների հետ, թե՞ ոչ:
. Եռակողմ հայտարարության համաձայն Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով: Այս ճանապարհն ո՞վ և ի՞նչ ֆինանսական միջոցներով է կառուցելու: Երբ են սկսվելու այդ շին.աշխատանքները։
. Արդյո՞ք այս միջանցքում մենք ինչ որ պահից իրականացնելու ենք մարտական հերթապահություն:
Իրավասու կառույցներից ակնկալում եմ շտապ արձագանք ու գործողություններ՝ նոր խնդիրներից խուսափելու համար»: