Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«ՀՀ զինված ուժերի կարիքների համար իրականացվող պետական գնումներում հնարավոր կոռուպցիոն դրսևորումների, ռիսկերի վերաբերյալ վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերի միջոցով արվել են հանրային որոշակի քննարկումների տեղիք տված հրապարակումներ:
Նկատի ունենալով, որ դրանց հետ կապված որոշակի հարցադրումներ են ուղղվում նաև ՀՀ դատախազությանը, հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ զինվորական դատախազությունը շարունակում է իր գործառույթների շրջանակներում ուսումնասիրություններ իրականացնել պաշտպանության ոլորտում պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության բնագավառում:
Այդ համատեքստում ՀՀ զինվորական դատախազությունն արդեն իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունից պահանջել և ստացել էր զինված ուժերի կարիքների համար, այդ թվում նաև ռազմական դրության պայմաններում, իրականացվող (ներառյալ հանդերձանքի և, մասնավորապես, ճտքավոր կոշիկների) պետական գնումների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը:
Դրանցում առկա տեղեկատվության վերլուծության արդյունքում այդ փաստաթղթերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմին՝ ՀՀ քննչական կոմիտե, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը լուծելու հանձնարարությամբ»: