Ադրբեջանի Միլի Մեջիսը (խորհրդարանը) առաջարկել է երկրի կառավարությանը դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը՝ Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակից զրկելու համար։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Միլի Մեջլիսը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը` Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակից զրկելու համար Ֆրանսիային, որն իր դիրքորոշմամբ և հայտարարություններով վերջին օրերին կասկածի տակ է դնում իր չեզոքությունը»,- ասվում է փաստաթղթում:
Հայտարարությունը պարունակում է նաև «Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև առկա քաղաքական հարաբերությունները վերանայելու և երկու երկրների տնտեսական կապերը խորը վերլուծելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու» մասին առաջարկներ:
Մի շարք պատգամավորներ նաև առաջարկություններ են արել Փարիզում Ադրբեջանի դեսպանին հետ կանչել՝ խորհրդակցությունների համար, խզել բոլոր հարաբերությունները Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի հետ:
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 25-ին, Ֆրանսիայի Սենատը բանաձև ընդունեց, որով երկրի կառավարությանը պահանջում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Փաստաթղթի ընդունմանը կողմ են քվեարկել 305 ֆրանսիացի սենատորներ հանդիպման 306 մասնակիցներից: