«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի «Անխուսափելիի մասին՝ կետ առ կետ հոդվածում» հոդվածը, որում ասվում է․
1․ Երկրում իշխանության ճգնաժամ է և այն ունի օբյեկտիվ բնույթ․ պատերազմի արդյունքում երկիրը հայտնվեց կապիտուլյանտի դերում, ինչն անընդունելի է հասարակության ու սփյուռքի զգալի մասի համար։ Քաղաքական ուժը, որը ժամանակին բոլորովին այլ ստարտային պայմաններում էր երկիրը ստացել, հասցրեց այն լրիվ այլ, շատ ավելի խոցելի վիճակի։ Այսօր եթե անգամ կառավարությունը պահպանում է իր իրավական լեգիտիմությունը, այն արդեն կորցրել է գլխավորը՝ հասարակական-քաղաքական լեգիտիմությունը։ Այս կառավարության հետագա աշխատանքը կբերի հասարակությանը նաև անխուսափելի բարոյական դեգրադացիայի՝ արմատախիլ անելով պատիվ, արժանապատվություն և ամոթ հասկացությունները։
2․ Բացի պատերազմի ամոթալի հետևանքներից, բոլորի համար պարզ դարձավ, որ գործող կառավարությունն անընդունակ է լուծել նաև երկրի առաջ կանգնած՝ զարգացման ու պետական մենեջմենթի հարցերը։ Այն պարզապես ձախողում է ամեն ինչ։ Մինչև վերջին իրադարձությունները կառավարման փորձի ու պետական մտածողության բացակայությունը փոխհատուցվում էր բարձր հասարակական-քաղաքական լեգիտիմությամբ։ Այսօր արդեն դա էլ չկա։
3․ Քաղաքակիրթ աշխարհում նման իրավիճակներում գործող իշխանությունները հրաժարական են տալիս՝ հնարավորություն ստեղծելով երկրում նոր, բոլոր առումներով լեգիտիմ քաղաքական իշխանության ձևավորման համար։ Անգամ պատերազմում պարտված քաղաքական ուժը կարող է մասնակցել ընտրություններին և պաշտպանել սեփական տեսակետը: 2018 թվականին այս իշխանության նախընտրական ծրագրում խոսք չի եղել Արցախյան հարցի նմանօրինակ լուծման մասին։ Ընտրողների հետ այս թեմայով պայմանագիր չի եղել։ Փոխարենը՝ եղել է հրապարակային խոստում՝ Արցախի հարցի վերաբերյալ բոլոր որոշումները կայացնել բաց, թափանցիկ եղանակով։ Խոստումը, ինչպես գիտենք, դրժվեց։
4․ 2018 թվականին ևս կար իշխանության ճգնաժամ, որը հանգուցալուծվեց գործող կառավարության հեռացմամբ և մթնոլորտում, երբ բոլորը գիտակցում էին նոր, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անխուսափելիությունը։ Միակ խնդիրն այն էր, որ 2018 թվականին անցկացված արտահերթ ընտրությունների նպատակը չէր՝ երկրում ադեկվատ քաղաքական լանդշաֆտ ձևավորել, այլ՝ պարզապես վերջնականապես իրավականորեն ձևակերպել մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Միշտ, բոլոր ժամանակներում անհրաժեշտ է խուսափել իշխանությունն ամեն գնով պահելուց։ Իրավիճակը, երբ «ես չեմ պատրաստվում հրաժարական տալ» կամ «Հայաստանում չի լինելու ուրիշ վարչապետ, բացի Փաշինյանից», իսկական ֆեոդալիզմ է։
5․ Մյուս կողմից, սովորությունը՝ ընտրողներին դիմել միայն սեփական իշխանությունն ամրապնդելու նպատակով, Փաշինյանի կառավարման ողջ ընթացքին է հատուկ եղել։ Ցույցերի և հավաքների կազմակերպում համավարակի շրջանում՝ խնդրեմ։ Իսկ ահա անցկացնել ընտրություններ, որոնց արդյունքում ինքը կարող է կորցնել իշխանությունը, դա նրան իհարկե չի հետաքրքրում։
6․ Որքան երկար է ձգվում իշխանության անորոշությունը, այնքան ավելի դժվար է լինելու գործողների համար՝ հեռանալ հանդարտ ռեժիմում։ Ագրեսիան, ատելությունը և չարությունը շուտով սկսելու են կուտակվել ոչ թե ֆեյսբուքի վիրտուալ աշխարհում, այլ՝ կոնկրետ մարդկանց մտքերում և սրտերում։ Դա վտանգավոր է դառնում նաև երկրի համար՝ նրա զարգացման հեռանկարի և նոր ուժով ու նոր ծավալով ծագող ծանր մարտահրավերների չեզոքացման հնարավորության առումով։
7․ Պարզ ճշմարտություն է նաև, որ Արցախի շուրջ բանակցությունները շարունակելու և վերջնական քաղաքական կարգավորման հասնելու համար բանակցողը պետք է ունենա իր ընտրողների ամուր մանդատը։ Եթե դու այդքա՛ն վստահ ես քո իրավացիության մեջ և ցանկանում ես շարունակել քո քաղաքականությունը, ապա նոր մանդատ ստացիր ընտրողներիցդ ու շարունակիր։ Արցախի հարցով ապագա լուծումների ֆորմատը կարող է տարբեր լինել՝ քաղաքական տարբեր ուժերի պատկերացումներում։ Ակնհայտ է, որ ապագա ընտրություններում այս հարցը դառնալու է որոշիչ։ Հնարավոր չի լինելու նաև խուսափել Հայաստանի երկարաժամկետ անվտանգության ապահովման երաշխիքների քննարկումից։ Ո՞վ և ինչպե՞ս է տեսնում այս հարցի լուծումը ստեղծված պայմաններում։ Ոչ մի սոցիոլոգիական հարցում չի կարող որոշել հանրային տրամադրություններն այս իրավիճակում։ Միայն նոր ընտրություններն են կարող դա անել։
8․ Իշխանության լեգիտիմությունը կարևոր է նաև Հայաստանի արտաքին գործընկերների համար։ Այս հարցն առայժմ չեն բարձրացնում Ռուսաստանը և Ադրբեջանը։ Բայց դա ժամանակավոր է։ Այս երկրու երկրներին առայժմ ձեռնտու է շարունակել աշխատանքը Փաշինյանի խոցելի կառավարության հետ, որպեսզի ապահովվի ընդունված որոշումների անբեկանելիությունը։ Փաշինյանի կառավարությունն այլևս չի կարող ունենալ նախկին նշանակությունը արևմուտքի և Իրանի համար։ Արևմուտքը հաշվարկել էր, որ Նիկոլի ավտորիտար իշխանության ամրապնդման լուռ աջակցության դեպքում կստանա որոշակի առավելություն կամ, առնվազն, կհասնի Ռուսաստանի ազդեցության սահմանափակմանը տարածաշրջանային գործընթացների վրա։ Հիշեք ժողովրդավարական Եվրոպայի չեզոք արձագանքը՝ հակասահմանադրական հանրաքվեի որոշման ընդունմանը, իսկ հետո էլ՝ ԱԺ միջոցով ՍԴ նոր կազմի որոշմանը։ Նիկոլն էլ ըստ էության “գցեց” իր արևմտյան գործընկերներին։ Երկրին պետք է նոր իշխանություն, որպեսզի կարողանանք արտաքին աշխարհի հետ նորովի հարաբերվել։
9. Ինչու՞ է անհրաժեշտ անցումային կառավարություն ձևավորել գործող ԱԺ պայմաններում։ Այն բանի համար, որպեսզի գործընթացներն իրականացվեն բացառապես սահմանադրական ճանապարհով։ Միևնույն ժամանակ պետք է բացառել 2018 թվականի իրավիճակի կրկնությունը, երբ ընտրությունների ողջ առերևույթ ազնվության և արդարության պարագայում դրանց արդյունքներն ի սկզբանե պարզ էին, և երկրում չձևավորվեց էֆեկտիվ քաղաքական լանդշաֆտ։ Մեզ պետք է լինելու հասնել ընտրություններին ընտրողների առավելագույն մասնակցության, ինչը տեղի չունեցավ 2018-ին։ Անցումային կառավարությունը չպետք է ներգրավված լինի ներքաղաքական գործընթացներում, նրա գործունեության շրջանում իրավիճակը երկրում պետք է հանդարտվի, ընտրողները պետք է ժամանակ ու հնարավորություն ստանան՝ գիտակցել, թե ինչ է կատարվել՝ ինքնուրույն, առանց ֆեյսբուքյան ֆեյքային ուղեղալվացման, հիմնական քաղաքական կուսակցություններն էլ պետք է կողմնորոշվեն ու ներկայացնեն իրենց գործողությունների ծրագրերը։ Անհրաժեշտ է, որ մթնոլորտը սառի, ընդհանուր լարվածությունն իջնի, կրքերը հանդարտվեն։ Նիկոլի գլխավորած այս կառավարության օրոք դա չի կարող տեղի ունենալ։ Անցումային կառավարությունը լինելու է ժամանակավոր, բայց իր աշխատանքը պետք է բեկումնային լինի։ Այն պետք է թույլ չտա պետականության դեֆոլտը։
10․ Ակնհայտ է նաև, որ այսօր բարձրաձայն հանդես եկողները հիմնականում հասարակության առավել կրթված, առաջադեմ շերտերն են՝ քաղաքականապես առավել գրագետ։ Մարդկանց մեծամասնությունը նախընտրում է գործընթացներին հետևել տնից՝ վախենալով ոչ թե վիրուսից, այլ, առավելապես, հնարավոր հետապնդումներից։ Շատերն առայժմ ապրում են՝ փորձելով համակերպվել իրենց նոր վշտի հետ։ Սակայն այս ամենը չպետք է ազդի սկսված քաղաքական գործընթացի ելքի վրա։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն անխուսափելի է։ Որոշակի պատմական ժամանակահատվածներում քաղաքական գործընթացների անխուսափելիությունն ապահովում է հասարակության հենց առաջադեմ հատվածը՝ վերնախավը։ Այդ պատճառով հենց հասարակության վերնախավն այսօր կոչված է որոշումներ կայացներ ոչ միայն իր, այլ՝ բոլորի կողմից ու բոլորի համար։