Շրջակա միջավայրի նաշխարարությունը «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում նախատեսում է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ ժամանակակից նախագծային լուծումներով ու չափանիշներով տեղեկատվական- զբոսաշրջային կենտրոն հիմնել։
Կենտրոնի կառուցման հայեցակարգը քննարկելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը հրավիրում է դիզայներների, ճարտարապետների և ճարտարապետական ընկերությունների ուշադրությունը։ Սա հրաշալի հնարավորություն է կյանքի կոչել ձեր համարձակ մտահղացումները, նորարարական մոտեցումները և նորովի ներկայանալ հանրությանը ձեր ճարտարապետական տեսլականով։
Նախագիծը յուրահատուկ կամուրջ կհանդիսանա հանրության, ոլորտի մասնագետների, ընկերությունների և պետական գերատեսչության միջև։
Նոյեմբերի 25-ին Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է այց «Ջրվեժ» անտառպարկ՝ նախարարության ներկայացուցիչների և մասնագետների հետ ապագա տեղեկատվական-զբոսաշրջային կենտրոնի տարածքը տեղում դիտարկելու նպատակով։ Այցի ընթացքում նախատեսվում է համատեղ քննարկում, կենտրոնի կառուցման հայեցակարգի վերաբերյալ մտքերի փոխանակում և կենտրոնի հիմնման համար նախապես ընտրված 2-3 տարածքներից առավել համապատասխան և նպատակահարմար տարածքի ընտրություն։
Նախագծով հետաքրքրված և շահագրգիռ անձինք ու կազմակերպությունները կարող են կապ հաստատել [email protected] հասցեով կամ 093 54 99 55 հեռախոսահամարով։
Նշենք, որ նախագծի այս փուլում նախարարությունն ակնկալում է հետաքրքրություն հայտնած մասնակիցների կամավոր աջակցություն, իսկ հետագա փուլերում «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի ընթացակարգերին համապատասխան կհայտարարվի Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ տեղեկատվական-զբոսաշրջային կենտրոնի նախագծման բաց մրցույթ, որին մասնակցելու հնարավորություն կունենան մրցույթի պահանջներին բավարարող բոլոր հնարավոր մասնակիցները։
Նոյեմբերի 25-ին նախատեսված Երևան-«Ջրվեժ» անտառպարկ այցի կազմակերպման տրանսպորտային ծախսերը կհոգա Շրջակա միջավայրի նախարարությունը։
Մեկնումը՝ 25․11․2020թ․, ժամը 11։00, ք․ Երևան, ՀՀ Կառավարական 3-րդ մասնաշենքի կենտրոնական մուտքի դիմացից։
Այցի մասնակիցների քանակը սահմանափակ է, խնդրում ենք նախօրոք գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/ALhRcgExB7GMbQBc7
Կազմակերպչական հարցերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք կապ հաստատել 093 54 99 55 հեռախոսահամարով։