Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Արեգ Սարդարյանը, ով վերջերս է վերադարձել առաջնագծից, ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ադրբեջանն ուներ ֆինանսական լուրջ ռեսուրսներ և կամք, ինչի արդյունքում կարողացավ զինել իր բանակը, այլ պետություններից հրավիրել մասնագետներ, շարունակական մեծ աշխատանքներ տանել և հասնել, ի վերջո, ռազմական հաջողության։
Նույն ժամանակն ու ունեցած ռեսուրսներն, իմ խորին համոզմամբ, մենք սխալ ենք ծախսել, ինչն ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, որոնց մեծ մասն, իհարկե, ո՛չ միայն չի արդարացնում ներկա իրավիճակն, այլև ամոթ ու զայրույթ ա առաջացնում։
Ինչևէ, հիմա արդեն ժամանակն ա՝ մտածելու հաջորդ կռվի մասին, որովհետև, ինչպես տարիներ շարունակ կրկնում եմ, չավարտված պատերազմում հաղթողներ և պարտվողներ չեն լինում, իսկ մեր պատերազմը դեռ ավարտված չի։
Չնայած, որ մենք չունենք նավթ ու հսկայական ֆինանսական միջոցներ, մենք ի զորու ենք ոտքի կանգնելու ու ձգվելու, որովհետև ամեն ինչ կախված ա կամքից, աշխատանքից ու ռեսուրսների ճիշտ բաշխումից ։ Մենք պիտի սկսենք աշխատել մեր անհաջողության պատճառների վերացման ուղղությամբ, ո՛չ թե ողջ մտավոր ռեսուրսը կենտրոնացնենք միայն հետևանքների վերացման համար։ Մեզ նոր (որակի) պետություն, նոր քաղաքացի, նոր զինվոր, նոր տեխնիկա ա հարկավոր, իսկ դրան հասնել հնարավոր ա միայն ու միայն գիտակցված որոշմամբ, բոլոր համակարգերի փոփոխմամբ ու արդիականացմամբ և միասնական ջանքերով։
Էս կռիվը, որքան էլ անտրամաբանական թվա միտքս, մեզ պետք էր։ Էս ապտակը մեզ պետք էր, որովհետև միայն սա ա ունակ՝ մեզ համախմբելու, միայն սա ա մեր սխալներն ու թերացումները մեզ հիմնավոր ներկայացնում, իսկ դա նշանակում ա, որ մենք փոխվելու ու փոխելու հնարավորություն ունենք էս կռվի արդյունքում։ Ինչքան էլ դասը ցավոտ լինի, մենք հիմա պարտավոր ենք ապրել էնպես, որ պետությունը զարգացման ուղով շարժվի, կենսունակ ու պաշտպանունակ լինի, իսկ տղերքի չապրած կյանքը մտածող մարդկանց խղճին պարզապես մնացած ծանրություն չլինի…
Մտածե՛ք հենց Ձե՛ր անելիքի մասին։ Դա առաջին քայլն ա…»։