Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է.
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Արցախի և Հայաստանի Կառավարությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը հետպատերազական ծանր շրջանի հետևանքները վերացնելու և անօթևան մնացած քաղաքացիների կեցության խնդիրները հիմնավորապես լուծելու համար: Այդ ամենի կյանքի կոչումը պահանջում է որոշակի ժամանակ, ուստի խնդրում եմ ՀՀ այն տնտեսվարողներին ու անհատներին, որոնք հյուրընկալել են արցախցի անօթևան ընտանիքների, այս ընթացքում ևս շարունակեն պահել իրենց հարկի տակ:
Շնորհակալություն հայտնելով այս ողջ ընթացքում ցուցաբերած անշահախնդիր աջակցության ու պատրաստակամության համար և շատ լավ հասկանալով ստեղծված դժվար իրավիճակը նաև հյուրընկալ սուբյեկտների համար՝ կեցության հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում՝ սննդով ապահովումը, Արցախի Կառավարությունը պատրաստ է վերցնելու իր վրա:
Կառավարության կողմից լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ-ում գործող Արցախի Կառավարության օպերատիվ շտաբը (ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1, կոնտակտային հեռախոսահամարներ՝ +374010590339, +374010440065) : Խնդրում եմ կառույցի հետ կազմակերպել բոլոր քննարկումները՝ նշված խնդիրներին օպտիմալ լուծումներ գտնելու նպատակով:
Հ.Գ.
Բնակարաններից զրկված և ժամանակավորապես ՀՀ տեղափոխված մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր, այնուամենայնիվ, կեցության հետ կապված խնդիրներ կունենան, խնդրում եմ անպայման դիմել օպերատիվ շտաբին»: