ԱՐՄԱԹ ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը ուղերձ է հղել․
ԱԶԳ–ԲԱՆԱԿ–ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ստեղծման հրամայական
Այս ուղերձը ուղղված է հասարակությանը, Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացիներին, ձեռնարկությունների ղեկավարներին և սեփականատերերին, կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին, սփյուռքի մեր հայրենակիցներին և բարեգործական կազմակերպություններին, Հայաստանի կառավարության անդամներին, Ազգային ժողովի պատգամավորներին
Ավարտվեց հայ ժողովրդի կյանքում պատերազմի ակտիվ գործողությունների հերթական փուլը:
Հերոսաբար նահատակված ավելի քան 3000 զինծառայողներ, զոհված խաղաղ բնակիչներ, կյանքի գնով կռվող տասնյակ հազարավոր մարտիկներ, ու կամավորներ, ապաստարաններում 44 օր անցկացրած պատերազմական գոտու բնակիչներ, թիկունքում անձնվիրաբար գործող տասնյակ հազարավոր աջակիցներ, սփյուռքի մի քանի տասնյակ երկրներում տարաբնույթ օժանդակություն ցուցաբերած մեր հայրենակիցներ, ներդրված հզոր ջանքեր, բայց ոչ բավարար․․․ և արդյունքում դաժան պարտություն:
Մենք ոչ միայն չլուծեցինք Արցախի խնդիրը, այլ նաև էլ ավելի բարդացրինք խնդիրը, քան 1988թ.-ին էր, մենք կանգնեցինք մի իրավիճակի առաջ, երբ վտանգված է Հայաստանի ապահով ապագան, տնտեսության զարգացումն ու ժողովրդի բարեկեցությունը, վտանգված է Հայաստանի ազատությունն ու անկախությունը:
Մեզ տրված էր 26 տարի հարաբերական խաղաղության ժամանակ, որպեսզի կառուցեինք հզոր երկիր, պատրաստվեինք հաջորդ պատերազմին, սակայն մենք մսխեցինք այդ ժամանակը, ներքևի մակարդակից մինչև երկրի ղեկավար թալանել ու կեղեքել են Հայաստանը, սկսած ընտրակաշառք վերցնողներից և ընտրություններ կեղծողներից մինչև երկրի բյուջեն ու ընդերքը թալանողները, մինչև զինվորի սնունդն ու հանդերձանքը գողացողները, բանակի նյութատեխնիկական ապահովումն ու սպառազինությունը գողացողները, Հայաստանի, այդ թվում Արցախի անվտանգ ապագան գողացողները, յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր ամիս ու օր մեր ապրելակերպով ու գործելաոճով, մեր հանդուրժողականությամբ ամեն օր մենք մոտեցրել ենք մեր պարտությունը պատերազմում:
Մենք Արցախի խնդիրը չլուծեցինք 500 տարի առաջ, 100 տարի առաջ, վերջնական չլուծեցինք 26 տարի առաջ, նաև 4 տարի առաջ, և այժմ կանգնած ենք նրա կորստի առաջ: Հայաստանի պատմության մեջ դարեր շարունակ յուրաքանչյուր սերունդ ավելի խնդրահարույց Հայաստան է հանձնել հաջորդ սերունդին և այժմ էլ մենք գտնվում ենք այդպիսի իրավիճակում: Մենք ապրողներս միշտ պարտք ենք մնացել հայրենիքի համար զոհվածների առջև, մենք այժմ էլ պարտք մնացինք ավելի քան 3000 նահատակվածների առջև:
Ժամանակն է սթափվել, դառնալ կազմակերպված 10 մլն.-ոց ազգ, սահմանել ազգային նպատակներ և սկսել նպատակասլաց աշխատանք այդ նպատակների իրագործման ուղղությամբ:
Մենք պետք է խնդիր դնենք ոչ թե պատերազմում հաղթելու, այլ պետք է մինչև պատերազմը հաղթած լինենք, մենք պետք է ամեն օր, ամեն ամիս, ամեն տարի հաղթենք թշնամուն (խոսքը Թուրքիայի մասին է), մենք պետք է հաղթենք տնտեսությամբ, գիտությամբ, մշակույթով, սպորտով, բարձր տեխնոլոգիական (արդեն 6-րդ սերնդի) զինված ուժեր ունենալով ու անվտանգության մակարդակը հետևողականորեն բարձրացնելով: Եվ մենք խնդիր պետք է դնենք ոչ միայն Ադրրբեջանին այլ նաև Թուրքիային դիմագրավելն ու հաղթելը: Եվ դա որքան էլ առաջին հայացքից անհավատալի թվա, այն իրականում հնարավոր է:
Մեզ անհրաժեշտ են ազգային հերոսներ ունենալ ոչ միայն մարտի դաշտում (և պետք է այնպեսի իրավիճակ ստեղծել որ դրա կարիքը չլինի) այլ նաև ունենալ նոր տեխնոլոգիական զինատեսակներ և անվտանգային համակարգեր ստեղծող գիտնական ու ինժեներ ազգային հերոսներ, կրթության և մշակույթի ոլորտի ազգային հերոսներ, որոնց աշխատանքի շնորհիվ և արդյունքում ոչ մի թշնամի փորձ իսկ չի անի ոտնձգություն իրականացնել Հայաստանի հանդեպ: Մենք պետք է նպատակադրվենք, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի մի քանի անգամ ավելի համախառն ներքին արդյունք ստեղծի, քան ստեղծում է Թուրքիայի քաղաքացին, մենք պետք է նպատակադրվենք մեր ռազմական բյուջեն հասցնելու Թուրքիայի ռազմական բյուջեի 50 տոկոսին, այն որքան էլ անհավատալի թվա, հնարավոր է, հաշվի առնելով օրինակ Իսրայելի փորձը, որի ռազմական բյուջեն հավասար է Թուրքիայի ռազմական բյուջեին:
Մենք պետք է պատրաստվենք արդեն ոչ թե 5-րդ սերնդի պատերազմին (որին ամբողջովին պատրաստ չէինք) այլ արդեն հաջորդ սերնդի պատերազմներին, այն է արհեստական բանականության վրա հիմնված տեխնոլոգիաների, թշնամու տեղեկատվական, կառավարման, ֆինանսական և այլ ենթակառուցվածքները կազմալուծող ծրագրերի հիման վրա:
Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, տարածքի և մարդկային ռեսուրսի փոքր լինելը, որը հնարավորություն չի տալիս երկարատև պատերազմի, հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի քանակի գերազանցումը մեր նկատմամբ, մեր նպատակը պետք է լինի պատերազմի տեղափոխումը հակառակորդի տարածք, այդ երկրի ենթակառուցվածքներին և կառավարմանը այնպիսի վնասի հասցնումը, որը երկար ժամանակով կխաթարի թշնամու գործունակությունը:
ԱԶԳ-ԲԱՆԱԿ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ կոնցեպտի շրջանակներում առաջարկվում է ծրագրերի և միջոցառումների մի շարք, որոնց մեծամասնությունը եղել է ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ գաղափարները:
- Նախ «Պաշտպանության նախարարությունը» պետք է վերանվանել «Ռազմական նախարարության», անվտանգության հայեցակարգային բոլոր վերանայումներով հանդերձ, պետք է հրաժարվել պաշտպանական կոնցեպտից:
- Ժամանակակից մարտահրավերներից ելնելով պետք է անցնել քանակական մեծ բանակից որակական և բարձր տեխնոլոգիական հագեցվածությամբ բանակի: Այդ առումով առաջարկվում է 5 տարվա ընթացքում անցում կատարել 1 տարվա ժամկետային զինվորական ծառայության՝ 2 տարվա փոխարեն: Դրա փոխարեն ժամկետային ծառայությունից հետո մինչև 52 տարեկան դառնալը, յուրաքանչյուր պահեստազորային պետք է 3 տարին մեկ անգամ, 1 ամիս ժամկետով անցնի ռազմական վարժանքներ (այսինքն ընդհանուր առմամբ ևս 11 ամիս կլինի ծառայության), որը թույլ կտա պարբերական կապ պահպանել բանակի հետ, յուրացնել ռազմական նոր տեխնիկան և մարտավարությունները: Մեկ տարվա զինվորական ծառայությունը հնարավություն կտա նաև որպեսզի երիտասարդները իրենց հիմնական կրթությունը ընդմիջեն ավելի քիչ ժամանակով: Այսպիսի համակարգով հաշվարկելով 1 տարի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվողների և 3 տարին մեկ մեկ ամսով պահեստազորայինների քանակը հնարավորություն կտա բանակում մշտապես ծառայողների թիվը պահպանել, և որակապես ավելի մարտունակ ու արդյունավետ բանակ ունենալ:
- Բարենպաստ պայմաններ ստեղծել աղջիկների՝ կամավորական սկզբունքներով զինվորական ծառայության համար: Ծառայության ժամանակ և հետագայում սահմանել սոցիալական արտոնությունների ընդարձակ համակարգ (այն է հիպոթեքային վարկի ստացում զրո տոկոսադրույքով, ապահովագրություն, կրթության արտոնյալ պայմաններ և այլն):
- Վերանայել ռազմագիտություն առարկայի բովանդակությունը (ավտոմատ քանդել հավաքելուց անցնել ժամանակակից ռազմագիտության տեսական պարապունքների): Ավագ դպրոցի (10-12 դասարաններ) աշակերտների և քոլեջների ուսանողներին յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին 10 օրով կազմակերպել ռազմական դաշտային վարժանքներ (Ողջ մնալու արվեստ (ՈՄԱ) կազմակերպության մշակած բովանդակության (վերանայվող) հիմքով), այսինքն 3 տարվա ընթացքում տեսական գիտելիքների և մեկամսյա վարժանքների շնորհիվ երիտասարդները բավականին պատրաստված կանցնեն զինվորական ծառայության:
- Բոլոր դպրոցներում մտցնել ազգային պարերի դասընթացներ (այդ թվում ռազմապարերի), որոշ դպրոցներում արդեն իսկ իրականացվում է Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ:
- Անհրաժեշտ է վերականգնել խորհրդային ժամանակաշրջանում գործող՝ ԲՈՒՀ–երին կից ռազմական ամբիոնների գործունեությունը, որով կարող ենք նաև պատրաստել պահեստազորի սպաներ:
- Անհրաժեշտ է ստեղծել էքսպերտների այնպիսի խմբեր, որոնք հաշվի առնելով նախորդ պատերազմի դասերը և համաշխարհային միտումները կառաջադրեն բարձր տեխնոլոգիական ռազմական խնդիրները՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ժամնակահատվածում։ Ստեղծել ռազմարդյունաբերական ինտեգրատորներ, որտեղ ներգրավված կլինեն առաջատար տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունները և անհատ` ճարտարագիտական գիտելիքներ ունեցող մասնագետները։
- Պահեստազորից (այն պետք է ձևավորվի մասնագիտական սկզբունքով) բացի անհրաժեշտ է կազմավորել աշխարհազոր, որը կձևավորվի արդեն տարածքային սկզբունքով և կիրականացնի ոչ միայն ռազմական այլ նաև քաղաքացիական պաշտպանության, նյութատեխնիկական ապահովման և կազմակերպչական գործառույթներ:
- Մշակել համակարգ՝ ներգրավվելու սփյուռքի գիտական, ինժեներական, մասնագիտական, ֆինանսական, մեդիա ոլորտների ներուժը՝ Հայաստանում իրականացվող ռազմավարական նշանակության ծրագրերում:
Միևնույն ժամանակ բարձր տեխնոլոգիաների ոլորտում անհրաժեշտ եմ համարում ներքոհիշյալ ծրագրերի՝ կոնկրետ ժամանակացույցով իրականացումը: Այս ծրագրերի մեծ մասը հանդիսանում են ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ գաղափարները:
- Բանակից ՏՏ ծրագիր- անհրաժեշտ ներդրում – 125 մլն.դրամ, 1000 ուկնդիր
«Ծրագրի նպատակն է ծրագրավորման, ինժեներական հիմնարար գիտելիքներ փոխանցել պատերազմի մասնակիցներից և զոհվածների հարազատներից այն անձանց, ովքեր ցանկություն ունեն մասնագիտանալու տեղեկատվական տեղնոլոգիաների ոլորտում և անցնելու աշխատանքի համապատասխան ձեռնարկություններում կամ ստեղծելու սեփական ստարտափ ընկերությունը: 2016 թ. ապրիլյան պատերազմի շուրջ 150 մասնակիցների և նրանց հարազատների համար ԱՏՁՄ կողմից անցկացվել է այդպիսի դասընթացներ, որոնք ունեցել են դրական արդյունքներ:
- ԱՐՄԱԹ ինժեներական լաբորատորիաներ – անհրաժեշտ ներդրում 2900 մլն.դրամ 700 լաբորատորիա: Անհրաժեշտ է մեկ տարվա ընթացքում ավարտին հասցնել Արմաթ ինժեներական լաբորատորիաների ներդրման գործընթացը Հայաստանի, այդ թվում Արցախի հանրակրթական դպրոցներում, այժմ գործող 575 լաբորատորիաները հասցնելով 1300-ի: Այդ դեպքում 2022թ–ի սկզբին արդեն Արմաթ լաբորատորիաներում միաժամանակ կուսուցանեն մոտ 35000 երեխա, յուրաքանչյուր տարի ունենալով շուրջ 4500 շրջանավարտ:
- Անօդաչու թռչող սարքերի լաբորատորիաներ – անհրաժեշտ ներդրում 325 մլն.դրամ, 65 լաբորատորիա : Երկու տարվա ընթացքում Հայաստանի բոլոր 12 մարզերում և Երևան քաղաքում ներդնել Անօդաչու թռչող սարքերի 65 լաբորատորիաներ (լաբորատորիայի գործիքակազմը և մեթոդաբանությունը առկա է), որտեղ գիտելիքներ և հմտություններ կստանան 15-18 տարեկան, Արմաթի առավել բարձր ունակություններ դրսևորած սաները: Նրանց միաժանանակ սովորողների ընդհանուր թիվը կկազմի շուրջ 2000, և յուրաքանչյուր տարի Հայկական բանակ ծառայության կանցնեն ԱԹՍ կառավարող և սպասարկող 18 տարեկան մոտ 1600-1800 երիտասարդներ, այդ թիվը արդեն իսկ երկու տարվա ընթացքում կկազմի 3500 ինժեներներ(օպերատորներ):
- ՄԻՆԻՏԵԽՆՈՊԱՐԿԵՐԻ ՑԱՆՑԻ ստեղծում – անհրաժեշտ ներդրում 13300 մլն.դրամ 47 մինիտեխնոպարկ: Անհրաժեշտ է 4 տարվա ընթացքում Հայաստանի 12 մարզերի 47 քաղաքներում ներդնել տեխնոպարկեր: Մինիտեխնոպարկը որտեղ նույն շենքում կտեղակայվեն ՏՏ ընկերություններ, «Իրական դպրոց» միջին մասնագիտական տեխնոլոգիական հաստատություն (այժ Երևան, Վանաձոր, Գյումրի և Գորիս քաղաքներում արդեն գործում են), բազմաբնույթ ինժեներական բնույթի լաբորատորիաներ և ստարտապ ընկերություններ, որոնց հիմնադրման որոշակի ժամանակաշրջանում կտրամադրվեն համապատասխան բարենպաստ պայմաններ՝ գործունեության համար: Տեխնոպարկերը կհանդիսանան Արմաթի դասընթացները ավարտած սաների էլ ավելի բարձ գիտելիքների ստացման և նորաստեղծ ընկերությունների հիմնադրման վայր: 5 տարի հետո արդեն բոլոր մարզերում տեխնոպարկերում կգործեն շուրջ 470 ՏՏ ձեռնարկություններ, որտեղ կաշխատեն ավելի քան 6000 աշխատողներ: Տեխնոպարկերի ներդրման ծրագիրը և ժամանակացույցը առկա է:
- Տեխնոլոգիական կրթություն բանակում – անհրաժեշտ ներդրում 250 մլն.դրամ: Անհրաժեշտ է զորամասերում, ժամկետային ծառայության մեջ գտնվող անձնակազմի համար (համապատասխան պոտենցիալ ունեցող զինծառայողների համար) ներդնել տեխնոլոգիական (ինժեներական) կրթության հնարավորություն, 1 տարի ժամկետով: Պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շուրջ 2000 զինծառայող կստանան տեխնոլոգիական կրթություն և իրենց գիտելիքները կօգտագործեն և բանակում և զորացրվելուց հետո տնտեսության մեջ: Այս ծրագիրը 4 տարի առաջ ներկայացվել էր նաև ՊՆ, զորամասերում ներդնելու համար, սակայն . . .:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ 1-5-ՐԴ ԿԵՏԵՐԻ ԳԾՈՎ – 16 900 մլն.դրամ
- Բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է վերակազմավորվեն գիտահետազոտական ինստիտուտների, իսկ Ճարտարագիտական համալսարանը պետք է դառնա ռազմա–տեխնիկական գիտական խնդիրների լուծումներ տվող հետազոտական ինստիտուտ, և անցնի ԲՏԱ նախարարության ենթակայության:
- Հայաստանում որպես առաջնահերթություն պետք է սահմանվի ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ և երկրի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ:
Երկրի առաջընթացի, բարեկեցության ինչպես նաև անվտանգության հիմքը դա կրթությունն է, ուստի պետք է արմատապես փոխել ներկայումս 20-րդ դարի չափորոշիչներով և գործելաոճով իրականացվող կրթությունը: Այժմ կրթությանը հատկացվում է ՀՆԱ մոտ 2.7 տոկոսի միջոցներ, ինչով Հայաստանը աշխարհում զբաղեցնում է 150-րդ տեղից հետին տեղ: Կրթությանը ուղղվող ծախսերը անհրաժեշտ է ավելացնել առնվազն 1.5 անգամ: Ինչպես 150 տարի առաջ ասել է Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը «Պատերազմը հաղթում են ոչ թե ռազմաճակատում, այլ դպրոցական նստարանին ….», այսինք կրթությամբ:
Անհրաժեշտ է ընդունել կրթական ռազմավարություն, չափորոշիչներ, գործողությունների ժամանակացույցը: Այս առումով նաև առաջարկվում է հանրապետությունում ստեղծել կրթական կոալիցիա՝ կրթական նորարական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների, կրթության բնագավառի հեղինակավոր անձանց մասնակցությամբ:
- Պատերազմը ցույց տվեց որ նախորդող բոլոր տարիներին պետական բյուջեում սահմանված ռազմական ծախսերի տեսակարար կշիռը անբավարար է եղել և չի ապահովել ու չի ապահովում Հայաստանի լիարժեք պաշտպանունակությունը և անվտանգությունը՝ արդի պահանջներին համապատասխան: Հետևապես պետք է ավելացնել այդ միջոցները, ներգրավվել սփյուռքահայության միջոցները, ապագայում նաև զենքի վաճառքից միջոցները և դրանք առավելապես ուղղել ռազմարդյունաբերության ուղղությամբ գիտա–հետազոտական աշխատանքներ կատարելուն, նոր զինատեսակների ստեղծմանն ու ռազմական ժամանակակից կրթությանը: Այժմ ռազմական ծախսերը կազմում են ՀՆԱ մոտ 4.5 տոկոսը, անհրաժեշտ է այն հասցնել առնվազն 7 տոկոսի:
- Պետք է ընդունվի Հայաստանում բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելու ծրագիր, (առկա է այդ ծրագրի հիմնական մշակումները) այն հնարավություն կնձեռնի նաև ռազմարդյունաբերական ոլորտի հարակից ոլորտների թռիչքաձև զարգացմանը: Ծրագրի ընդունումը կարևոր է և տնտեսության զարգացման և տարածքային համաչափ զարգացման և արտագաղթի կանխման ու ներգաղթի խթանման առումով: Առանձնահատուկ մոտեցում պետք է ցուցաբերվի և համալիր ծրագիր ընդունվի ռազմարդյունաբերության ոլորտի ծավալների կտրուկ մեծացման ու զարգացման և արտադրանքի արտահանման ուղղությամբ: Վերջինիս իրականացման նպատակով Հայաստանի զինված ուժերի համար մատակարարվող բարձր տեխնոլոգիական զինատեսակները, սարքավորումներն ու ծրագրային ապահովումները պետք է ամբողջովին ազատվեն հարկերից:
Վերը նշված ծրագրերը հնարավոր է կյանքի կոչել միայն պետություն-մասնավոր հատված-հանրային հատված-սփյուռք համագործակցության արդյունքում:
Ելնելով վերոհիշյալից, և գիտակցելով ինչպես զոհվածների հիշատակի, այնպես էլ ապագա սերունդների առաջ մեր պատասխանատվությունը, անհրաժեշտ եմ համարում, որ գործուն և հրատապ քայլեր իրականացնենք, ու բոլոր հնարավոր միջոցներով օժանդակենք վերը նշված ծրագրերի իրականացման համար:
Հ.Գ. Առաջնահերթ անհրաժեշտ է պետական կառույցների կողմից նշված ծրագրերի ընդունումը, զուգահեռ մասնավոր հատվածի կողմից ծրագրերին օժանդակության ձևաչափը կներկայացվի լրացուցիչ: