ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բնակարանի գնման վկայագրեր է տրամադրել 2020 թ.-ի օգոստոսի 26-ին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N1 շենքի 12 փլուզված բնակարանների սեփականատերերին:
Աջակցության չափը հաշվարկվել է՝ հիմքում ընդունելով փլուզված բնակարանի մակերեսները և ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ 1 քառ. մետրի համար ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները՝ 333 հազ. դրամ՝ 1քմ-ի համար:
Կառավարության որոշման համաձայն, եթե նոր ձեռք բերվող բնակարանի արժեքն ավելի ցածր է, խնայված գումարը մնում է շահառուին: Եթե գնվող բնակարանի արժեքը գերազանցում է վկայագրով տրամադրվող աջակցությանը, ապա շահառուն կարող է նաև հավելյալ գումար ավելացնել կամ ձեռք բերել այն հիպոթեկային վարկավորման միջոցով:
Հիշեցնենք, որ բնակարանների գնման վկայագրերի համար անհրաժեշտ գումարը հատկացվել էր ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ վկայագրերի տրամադրման գործընթացի իրականացումը ևս վերապահելով նախարարությանը: