ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Երկու հարց ՀՀ նախագահին.
1. Դուք նշում եք, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հրաժարական տա, իշխանությունը փոխանցելով հանրային վստահություն վայելող և պրոֆեսիոնալներից կազմված ազգային համաձայնության կառավարությանը: Արդյո՞ք դա նշանակում է, որ դուք լիարժեքորեն կիսում եք Վարչապետի անհապաղ հրաժարականը պահանջող 17 քաղաքական ուժերի դիրքորոշումը և միանում եք դրան:
2. Իսկ գո՞ւցե ձեր հրապարակած ճանապարհային քարտեզը նպատակ ունի հնարավորինս երկարաձգել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:
Եթե դուք հստակ և ուղիղ չեք պատասխանում այս երկու հարցերին, ապա ստիպված ենք լինելու արձանագրել, որ դուք իշխանությունների հետ հավասարապես կիսում եք Արցախի կապիտուլյացիայի ամբողջ պատասխանատվությունը»։
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ուղերձ էր հրապարակել, որում նշվում էր․ «Վերջին մի քանի օրերի ընթացքում, պահի հրամայականին համահունչ, քաղաքական խորհրդակցություններ և մի քանի տասնյակ հանդիպումներ եմ անցկացրել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական տարբեր կազմակերպությունների ու անհատների հետ: Հեռախոսազրույցներ եմ ունեցել Սփյուռքի տարբեր կառույցների և մեր հայրենակիցների հետ:
Հանդիպման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը համակարծիք են մեկ հարցում՝ Սահմանադրությանը համապատասխան վարչապետի հրաժարական կամ պաշտոնավարման դադարեցում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Ակնհայտ է, որ չնայած պատերազմի դադարեցմանը, Արցախի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը թևակոխում են նոր փորձությունների շրջան, որում յուրաքանչյուր սխալ կարող է աղետալի հետևանքներ ունենալ»: