Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 17-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու հետպատերազմյան սոցիալական իրավիճակի հաղթահարման համար բնակչությանը ցուցաբերվելիք պետական աջակցության մեխանիզմները:
Երկրի ղեկավարը նշել է, որ ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում կառավարությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել բնակչության սոցիալական բեռը թեթևացնելու և կյանքի բնականոն ռիթմը հնարավորինս արագ վերականգնելու համար: Նախագահի խոսքով՝ առաջին փուլում կգործեն սոցիալական մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ մեկ տարի ժամկետով բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները (բնական գազ, էլեկտրաէներգիա, ջուր և այլն) և կապի ծառայությունները (բջջային և ֆիքսված կապ, համացանց)՝ ողջամիտ ծավալների սահմանափակմամբ:
Անօթևան մնացած բոլոր քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300 հազար ՀՀ դրամի չափով պետական միանվագ աջակցություն: Իսկ պատերազմական գործողություններից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները կսկսվեն արդեն առաջիկա օրերին:
«Անօթևան մնացած մեր բոլոր քաղաքացիների բնակարանների խնդիրները կառավարությունը պարտավորվում է լուծել մի քանի տարվա ընթացքում, իսկ մինչ այդ պետությունը կշարունակի ֆինանսական աջակցություն տրամադրել վերոնշյալ ընտանիքներին՝ բնակվարձի փոխհատուցման տեսքով»,- նշել է նախագահը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև աշխարհազորին հատկացվելիք ֆինանսական աջակցությանը և սոցիալական այլ ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր: