«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 17-րդ հոդվածով սահմանվում է, թե ինչպես կարող է դադարեցվել ռազմական դրության գործողությունը։
Իրավաբան․net-ը հայտնում է, որ օրենքի համաձայն․
1. Ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման դեպքում ռազմական դրությունը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցվել Հանրապետության Նախագահի հրամանագրով, որի մասին բնակչությունն իրազեկվում է սույն օրենքով սահմանված` ռազմական դրություն հայտարարելու մասին տեղեկացվելու կարգով:
Ռազմական դրության գործողությունը դադարեցվում է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարվելու դեպքում:
2. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով ընդունված և ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտերը կիրառվում են միայն ռազմական դրության գործողության ժամկետի ընթացքում և ուժը կորցրած են ճանաչվում ռազմական դրության գործողության դադարեցման հետ միաժամանակ՝ առանց այդ մասին հատուկ իրազեկելու: