Հայաստանի Հանրապետության կառավարությունը միանվագ դրամական աջակցություն կտրամադրի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում:
Կառավարության ընդունած որոշման համաձայն՝ աջակցության չափը յուրաքանչյուր մարդու համար կկազմի նվազագույն աշխատավարձի չափով՝ 68000-ական դրամ։ Երեխաներին ևս աջակցություն կտրամադրվի, եթե ծնողը կամ ծնողներից մեկը համարվի այս ծրագրի շահառու:
Եթե Արցախում հաշվառված քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում ստանում է կենսաթոշակ կամ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու նպաստ կամ Արցախում ստանում է կենսաթոշակ, ապա միանվագ դրամական աջակցությունը կկազմի նվազագույն աշխատավարձի և քաղաքացու՝ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա ստացած կենսաթոշակի կամ նպաստի դրական տարբերության չափով։
Եթե քաղաքացին չունի սեփականության (այդ թվում բաժնային) իրավունքով Հայաստանի Հանրապետությունում գտնվող անշարժ գույք, կտրամադրվի լրացուցիչ աջակցություն՝ 15000 դրամի չափով:
Աջակցության համար կարող են դիմել Արցախում հաշվառված բոլոր քաղաքացիները, բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացին հոկտեմբեր ամսին Արցախի պետական կամ համայնքային բյուջեից աշխատավարձ է ստացել: Շահառու չի կարող դառնալ նաև այն քաղաքացին, ով 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ է ստացել Հայաստանի Հանրապետությունում կամ այստեղ հաշվառված է եղել որպես անհատ ձեռնարկատեր:
Դիմել չեն կարող նաև 18-ից (18 տարին լրացել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը) մինչև 58 (58 տարին լրացել է 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո) տարեկան արական սեռի ներկայացուցիչները, բացառությամբ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց:
Դրամական աջակցությունը կտրամադրվի կանխիկ եղանակով՝ «Հայփոստի» միջոցով:
Աջակցության համար էլեկտրոնային դիմումները կընդունվեն նոյեմբերի 23-ից, իսկ դրանց ներկայացման կարգի վերաբերյալ առավել մանրամասն կտեղեկացնենք մոտ օրերս:
Աջակցությունը կտրամադրվի նաև այն դեպքում, եթե քաղաքացին արդեն վերադարձել է Արցախ։
Աջակցության ծրագրերը կշարունակվեն Արցախում։