Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի և քաղաքացիական խորհրդի նախաձեռնող խմբի հիմնադիրների հետ:
Հանդիպմանը մասնավորապես մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Քաղաքացիական խորհրդի նախաձեռնող խմբի հիմնադիրները՝ անվանի գիտնականներ, մտավորականներ, անհանգստություն ու մտահոգություն են արտահայտել առկա իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև իրենց տեսակետները ներկայացրել դրանից ելքերի գտնելու վերաբերյալ:
Նշելով, որ հանրությունն այսօր մեծ ցավ է ապրում՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ պետք է կարողանալ պահպանել երկրի կայունությունը, հասարակական համերաշխությունն ու ազգային միասնականությունը: Ըստ նախագահի, կան բազմաթիվ խնդիրներ, դժվարություններ, անհամաձայնություններ, սակայն դրանք պետք է կարգավորվեն միմիայն օրենքի և օրինականության սահմաններում, պետք է կարողանալ ոտքի կանգնել, ճիշտ գնահատել իրավիճակը և հստակ ծրագրերով առաջ ընթանալ: