Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց ժողովրդին՝ նշելով, թե ինչու՞ է ստորագրել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ համատեղ հայտնի հայտարարությունը։ Նա նշեց, որ դրանով հնարավոր է եղել խուսափել Ստեփանակերտը կորցնելուց, ինչպեսև 25 հազար զինվորների շրջափակման մեջ հայտնվելու, գերևարվելու վտանգից։
«Ինչ վերաբերում է բուն փաստաթղթի բովանդակությանը, այն իսկապես վատն է մեզ համար, բայց պետք չէ այն ավելի վատացնել, քան կա իրականում։ Մասնավորապես, լուրեր են տարածում Մեղրին հանձնելու մասին, ինչը բացարձակ անհեթեթություն է․ ընդամնեը խոսք է գնում տարածաշրջանի տրանսպորտային ուղիներն ապաշրջափակելու մասին է, այդ թվում՝ Ադրբեջանից դեպի Նախիջևան, բայց սա նշանակում է, որ պետք է ապաշրջափակվեն նաև Երևանից Նախիջևանով Սյունիք տանող տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչը էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության հետագա զարգացման գործում։
Ինչ վերաբերում է ԼՂին կամ ավելի ճիշտ այն հատվածին, որը գտնվում է Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո է, ՌԴ խաղաղապահների տեղակայմամբ Լաչինի միջանցքը՝ Գորիսից մինչև Ստեփանակերտ, անխափան գործելու է, ընդ որում՝ նաև Շուշիի հատվածում։ Ռուս խաղաղապահներն ապահովելու են նույնպիսի անվտանգ ճանապարհ ամբողջ տարածությամբ, և Ստեփանակերտ-Երևան կապը պետք է լինի հուսալի։
Խաղաղապահներն ապահովելու են նաև Արցախի այն հատվածների, սահմանի անվտանգությունը, այնպես որ խաղաղապահների տեղակայման պարագծից ներս գտնվող բնակավայրերի բնակիչները պետք է հնարավորինս շուտ վերադառնան իրենց բնակավայրեր, և ՀՀ ու Արցախի կառավարություններն ամեն ինչ կանեն՝ ավերածությունները հնարավորինս արագ վերացնելու, խաղաղ և բնականոն կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծելու համար»։