Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը երեկ՝ նոյեմբերի 11-ին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ քննարկումներ է ունեցել։ Այս մասինհայտնում է ТАСС լրատվական գործակալությունը հղում տալով՝ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի շտաբի իրենց աղբյուրին:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ ներգրավելու և խաղաղապահ ստորաբաժանումներ ստեղծելու հարցերը, ստորաբաժանումների տեղակայման կարգը, նրանց բազմակողմանի աջակցությունը և առաջադրանքների կատարումը», – ասել է գործակալության աղբյուրը:
Ըստ աղբյուրի, նրանք քննարկել են նաև հակամարտության գոտում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի գործունեության կազմակերպման և ՌԴ ռազմական անձնակազմի անվտանգության ապահովման հարցերը:
«Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարությունը կազմակերպել է փոխհամագործակցություն Ադրբեջանի և Հայաստանի ռազմական գերատեսչությունների հետ խաղաղապահների խնդիրների իրականացման, խախտումների կանխման և ռուս զինծառայողների անվտանգության ապահովման վերաբերյալ», – հավելել է աղբյուրը: