ՌԴ-ն Մինսկի խմբի անդամ է, միջնորդ երկիր, և այստեղ ՌԴ-ի գործառույթները որևէ կերպ փոխկապակցված չեն այն իշխանությունների հետ, որ այդ օրը կան: Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Ռուսաստանը՝ որպես ՀՀ-ի դաշնակից, իր ունեցած հնարավորությունների շրջանակում, վստահեցնում եմ ձեզ, արել է առավելագույնը, ինչն իրեն կարող էր թույլ տալ այս շրջանակում: Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների հետ կապված մենք որևէ հարց չենք բարձրաձայնում, որովհետև և՛ որպես մեր դաշնակից, և՛ որպես Մինսկի խմբի անդամ, ՌԴ-ն արել է այն, ինչ իրենից կախված է եղել: Այնուամենայնիվ, այն աջակցությունը, որը տրամադրել է Թուրքիան Ադրբեջանին, և ռազմական տեխնիկայի այն քանակությունը, որ կուտակվել է Ադրբեջանում մանավանդ վերջին երկու ամիսների ընթացքում, մեր ռազմական գործիչների գնահատականների ուղեծրից դուրս է եղել: Այսինքն` այդ ծավալի հարձակումը կանխատեսելի չի եղել»-նշել է Ավինյանը:
«Զինված ուժերը կատարել են իրենց խնդիրները, և այն խնդիրները, որոնք ունեցել են զինված ուժերը, քաղաքական իշխանությունը, ՏԻՄ-երը, մարզպետարանները փորձել են աջակցել և լուծել՝ լինի տեխնիկայով, համապատասխան սարքավորումների ներկրմամբ և այլն: Այսինքն` այստեղ պահանջարկը ներկայացրել են ԶՈՒ-ն և ասել են, թե ինչ խնդիրներ պետք է կատարվեն: Բոլոր մնացած մարմիններն աջակցել են ԶՈՒ-ին: Կուսակցությունների առաջարկը, որը ենթադրում էր ինչ-որ խմբի ձևավորում, որը ստանձնելու էր ռազմական գործի ղեկավարումը, դուրս է գալիս առհասարակ ԶՈՒ և Գլխավոր շտաբի պետ ունենալու տրամաբանությունից: Այսինքն՝ մեր երկիրն ունեցել է Գլխավոր շտաբի պետ, գերագույն գլխավոր հրամանատար, և ԶՈՒ-ն համապատասխանաբար գործել են՝ ըստ իրավիճակի իրենց խնդիրները լուծելու համար: Հավելյալ կառույցներ ստեղծելը, որոնք պետք է ղեկավարեին պրոցեսը, ո՛չ մեր հրետանու քանակն էր ավելացնելու, ո՛չ էլ պակասեցնելու էր թշնամու հրետանու և ԱԹՍ-ների քանակը»․-նշել է նա:
Ավինյանի խոսքով՝ գործողությունները բավականին արագ են տեղի ունեցել․ «Մենք ունեցել ենք հարվածնեը և՛ հյուսիսից, և՛ հարավից: Հյուսիսում հիմնականում շատ փոքր հաջողություններ է ունեցել թշնամին և ստիպված կանգնել է, չնայած որ ահռելի ծավալի հարված է հասցրել, և միայն հաջողել է հարավային հատվածում, փաստացի և հետագայում բոլոր մեր խնդիրներն ավելի են խորացել՝ թշնամու այս հաջողությամբ պայմանավորված»: