Նոյեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով։
Ժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ԳՀԽ անդամների համատեղ աղոթքով՝ անցնող շաբաթներին Արցախում՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։
Ժողովի օրակարգում ընդգրկված էին հարցեր՝ արցախյան հակամարտության հանգուցալուծման և ռազմական գործողությունների դադարեցման կապակցությամբ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Եկեղեցու և եկեղեցականության հետագա անելիքների վերաբերյալ։
Արցախում տիրող կացության վերաբերյալ տեղեկություններ փոխանցեց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
Առկա պայմաններում Գերագույն հոգևոր խորհրդի անդամները կարևորեցին համազգային միասնության, սթափության և զգաստության պահպանումը՝ միևնույն ժամանակ դատապարտելով զգայունությունների շահարկումները և բռնության դրսևորումները։ Անհրաժեշտ նկատվեց, որպեսզի բոլոր կողմերը իրադարձությունների գնահատման և հետագա զարգացումների առնչությամբ զերծ մնան քաղաքացիական բախումներ հրահրող, ապակայունացնող հռետորաբանությունից։
Ըստ այդմ էլ՝ ընդգծվեց բարդ այս իրավիճակի կարգավորման անհրաժեշտությունը միմիայն քաղաքական գործընթացներով, իրավասու և կարող ուժերի համընդհանուր ջանքերով։ Այս առումով շեշտվեց նաև Հայոց Եկեղեցու կարևոր առաքելությունը՝ ի նպաստ ազգային համերաշխության ու փոխըմբռնման մթնոլորտի զորացման։
Քննարկվեցին զինվորականների, վիրավոր զինվորների և նահատակ մարտիկների ընտանիքների հետ եկեղեցականների հովվական աշխատանքի, Արցախի բնակավայրերից տեղահանված ընտանիքների կարիքների հոգածությանը և հոգևոր խնամքի կազմակերպմանն առնչվող խնդիրներ։
Վերջում ժողովականները վերստին իրենց աղոթքը բարձրացրեցին առ Աստված Արցախ աշխարհի և համայն հայության անվտանգ և ապահով կյանքի համար։Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը.
«Մամուլից տեղեկացա, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրվել է ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն։ Մամուլից տեղեկացել եմ նաև պատերազմի դադարեցման պայմանների մասին։
Որպես Հանրապետության նախագահ այս փաստաթղթի վերաբերյալ ինձ հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում, ցավոք, չի եղել, որևէ բանակցության չեմ մասնակցել։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային նշանակության և կարևորության հարց է։ Հայաստանի, Արցախի, ողջ հայ ժողովրդի կենսական անվտանգային շահերին և իրավունքներին առնչվող ցանկացած քայլ, գործողություն, ցանկացած որոշման ընդունում, առավել ևս որևէ փաստաթղթի ստորագրում պետք է լինի համապարփակ խորհրդակցությունների և քննարկումների առարկա։
Ընդգծում եմ, որ Արցախի, հետևաբար՝ հայ ժողովրդի ճակատագիրը կարող է լուծվել միմիայն հաշվի առնելով մեր համազգային շահերն ու միմիայն համազգային կոնսենսուսի հիման վրա։
Հաշվի առնելով առկա իրավիճակով պայմանավորված՝ ժողովրդի ստվար զանգվածի խոր մտահոգություններն, անհապաղ նախաձեռնում եմ քաղաքական խորհրդակցություններ՝ համազգային շահերի պաշտպանության մեր օրակարգից բխող լուծումներն ամենակարճ ժամկետներում համաձայնեցնելու նպատակով։
Որպես Հանրապետության նախագահ, ազգապահպանության կարևորագույն այս պահին համազգային միասնության ձևավորումը համարում եմ իմ այժմեական առաքելությունը։ Հուսով եմ, որ տասնօրյա ժամկետում բոլորիս կհաջողվի ձևավորել այդպիսի միասնություն, որի պարագայում ես կհամարեմ, որ օգտագործել եմ հայրենիքիս ծառայելու հնարավորությունները»։