Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործով արդեն իսկ կա երկու ձերբակալված անձ։
Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ոչ բոլորն են ձերբակալված, բայց հանցագործների ձերբակալությունները սկսված են»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք նոյեմբերի 10-ի գիշերը ծեծի են ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են շրջափակում Միրզոյանի մեքենան, որից հետո նրան հանում են մեքենայից և ծեծի ենթարկում։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հայտնել է, որ նա վիրահատվել է: «Ընկերս, Արարատ ջան, քեզ ուժ եղբայրս։ Փառք Աստծո, որ կյանքիդ վտանգ չի սպառնում»,-գրել է պատգամավորը:
Դեպքի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է․ «Անընդունելի, դատապարտելի է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ կիրառված բռնությունը ու այն էլ, ինչպես նշված է, այն պայմաններում, երբ երեխան է եղել մեքենայի մեջ: ՀՀ ԱԺ նախագահին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։