Առողջապահության նախարարությանը 2021 թվականի պետբյուջեից նախատեսված է հատկացնել 111.6 մլրդ դրամ

«Առողջապահական բյուջեի մասով մենք ունենք փոքր աճ, սակայն այս տարին կրկնակի տարօրինակ էր մեր ոլորտի համար, որովհետև 2020 թվականին էական փոփոխություններ են եղել բյուջեի մասով»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, Ազգային ժողովում Հայաստանի 2021 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Առողջապահության նախարարությանը նախատեսված է հատկացնել 111.6 մլրդ դրամ:

«Առաջին էական փոփոխությունն իհարկե եղել է covid-ով պայմանավորված, երբ որ մենք ստիպված ենք եղել հավելյալ ծախսեր իրականացնել, երկորդը՝ վերջերս ռազմական գործողությունների արդյունքում կրկին հավելյալ ծախսերով պայմնավորված ավելացումներն են: Սա ինչու եմ ասում, որպեսզի մենք համեմատենք, ոչ թե տարվա վերջում վերջնական կատարողականով բյուջեն մյուս տարվա բյուջեի հետ, այլ տարվա սկզբում հաստատվածը, եթե տարվա վերջինով համեմատենք, ապա մեր մյուս տարվա ծախսերը պլանավորվում են ավելի քիչ, քան այս տարի ծախսել ենք, իսկ եթե համեմատում ենք տարվա սկզբի հետ, դրանք մոտ 2 մլրդ դրամով աճում են»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ 2021 թվականի աճն այնքան էլ ցանկալի արդյունք չէ, քանի որ պլանավորել էին և հայտ էին ներկայացրել շատ ավելի մեծ աճի համար, հաշվի առնելով, որ առողջապահությունը շահը ավելի կարևոր և առաջնահերթ ոլորտ է երկրի և մարդկային կապիտալի զարգացման համար:

«Հաշվի առնելով իրողությունները covid-ով պայմանավորված և լոկալ ճգնաժամը ռազմական գործողություններով՝ առնվազն ունենք նույն ծավալի բյուջե և որոշ բարձրացումներ, որոշ տողերով»,- ասաց Արսեն Թորոսյանը:

«Առողջության առաջնային պահպանման» ծրագրի համար 2021 թվականին նախատեսվում է հատկացնել 27.9 մլրդ դրամ, նոխորդ տարվա 27.1 մլրդ դրամի համեմատ: Աճը նախատեսվում է ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական ծառայությունների համար: «Հանրային առողջության պահպանում» ծրագրի համար նախատեսվել է 6.3 մլրդ դրամ, նախորդ՝ 5.8 մլրդի փոխարեն, աճը պայմանավորված է վարակիչ հիվանդությունների դեմ պայքարով: «Սոցիալապես անապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնության» ծրագրին հատկացվել է 27.2 մլրդ դրամ, նախորդ՝ 27.1 մլրդի փոխարեն: «Ոչ վարակիչ հիվանդությունների բժշկական օգնության ապահովման» ծրագրին կհատկացվի 15.8 մլրդ դրամ, նախորդ՝  13.7 մլրդի փախարեն: «Շտապ բժշկական օգնություններ» ծրագրում ևս կա աճ, նախորդ 4.3 մլրդ դրամի փոխարեն կհատկացվի 5 մլրդ դրամ: «Մոր և մանկան առողջության ծառայություններ» ծրագրին կհատկացվի 19.1 մլրդ դրամ, նախորդ՝ 20.4 մլրդ դրամի փոխարեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել