ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 8-ին հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն Միքայել Համբարձումյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողի պաշտոնից:
Նա նաև ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից:
Հիշեցնենք, որ Համբարձումյանը ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող էր նշանակվել հոկտեմբերի 8-ին։
Ստորև ձեզ ենք ներկայացնում նաև նրա կենսագրությունը։
Գնդապետ Միքայել Վազգենի Համբարձումյանը ծնվել է 1971 թվականի հուլիսի 8-ին Երևան քաղաքում, ծառայողի ընտանիքում:
1988 թվականին ավարտել է Երևանի թիվ 130 միջնակարգ դպրոցը:
1988-1989 թվականներին աշխատել է «Սիրիուս» գործարանում, որպես բանվոր:
1989-1991 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում՝ ԳԴՀ-ում (զորքերի արևմտյան խումբ):
1992-1997 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
1998 թվականի հունիսից մինչև 2018 թվականի հոկտեմբերը ծառայել է ՀՀ ազգային անվտանգության մարմինների քննչական վարչությունում՝ զբաղեցնելով քննիչի, ավագ քննիչի, ՀԿԳ ավագ քննիչի, վարչության պետի տեղակալի, վարչության պետի 1-ին տեղակալի, վարչության պետի պաշտոնները:
2018 թվականի հոկտեմբերին նշանակվել է տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ:
Ծառայության մեջ ունեցած դրական ձեռքբերումների համար բազմիցս խրախուսվել է ՀՀ ԱԱԾ և այլ գերատեսչական պարգևներով: Անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից է:
2013 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով, 2017 թվականին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ 2019 թվականին՝ ՀՀ Վարչապետի հուշամեդալով:
2020 թվականի օգոստոսի 11-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: