Կալանավորների խափանման միջոցը փոխվելու պարագայում կարող են մասնակցել հայրենիքի պաշտպանությանը. Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ սիրիացի վարձկանների հարցաքննություններին:

«Երեք անձի ցուցմունքն արդեն քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույց է և բացի այդ ապացույցներից բազմաթիվ այլ տեղեկություններ կան: Երեք պետության ղեկավարներ կամ արտաքին գործերը համակարգողներ ընդունել են սիրիացի վարձկանների ներկայությունը հակամարտության գոտում և սա կարող է առաջացնել տարբեր հետևանքներ: Նախ՝ բազմաթիվ կոնվենցիաներով, այդ թվում վարձկանների հավաքագրմանը, ֆինանսավորմանը վերաբերող կոնվենցիաներով նախատեսվում է որոշակի ընթացակարգեր, օրինակ՝ այն պետությունները, որոնք որ ներգրաված կլինեն ահաբեկչության ֆինանսավորմանը բնականաբար իրենք ունեն պարտավորություններ ֆինանսական թափանցիկության շրջանակներում, երևույթների բացահայտման, հետաքննության, հաշիվների սառեցման, այսինքն ունենալով նման պարտականություններ, եթե հանկարծ պարզվի, որ դեռ մի բան էլ պետությունն ինքն է ֆինանսավորել ահաբեկչությունը կամ զինել վարձականներին և տեղափոխել հակամարտության գոտի, օգտվել ինքնորոշման իրավունքի համար պայքարոզ բնակչության դեմ, դա բավական լուրջ հետևանքներ կարող է առաջացնել բազմաթիվ կոնվենցիաների շրջանակներում, և կառավարությունում բոլոր իրավական պրոցեսները բավական մարնրամասն քննարկվում են»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

Առաջնագիծ մեկնելու վերաբերյալ նախարարն ասաց, որ դեռ նման պլաններ չունի, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է հայրենիքի պաշտպանությանը մասնակցել այն ծավալով, որով որ անհրաժեշտ կլինի․ որևէ խնդիր չկա:

Թե արդյո՞ք հնարավոր կլինի, որ կալանավորները մասնակցեն հայրենիքի պաշտպանության գործին Բադասյանն ասաց. «Կալանավորների խափանման միջոցը փոխելու պարագայում, արդեն բնականաբար կալանքի ռեժիմը չի տարածվի տվյալ անձի նկատմամբ և վերջիններս կարող են մասնակցել հայրենիքի պաշտպանությանը, բայց դա Գլխավոր դատախազության տիրույթում է»,-ասաց նախարարը և ավելացրեց, որ իրենք կողմ են յուրաքանչյուր անձի ազնիվ մղմանը, եթե դա արդյունավետ կլինի հայրենիքի պածտպանությանը:

Թարմացում․ Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը հայտնում է․ «ՀՀ արդարադատության նախարարն այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում, շփոթմունքի արդյունքում նշել է, որ այս պահին ունենք ձերբակալված սիրիացի երեք վարձկան։ Իրականում, ձերբակալված վարձկանների թիվը երկուսն է»։

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել