Դատական դեպարտամենտն այժմ շատ ծանրաբեռնված է։ Այս մասին Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ասաց այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում։
Խոսելով դատական համակարգում սպասվող հնարավոր կրճատումների լուրերի մասին, Փոլադյանը նշեց․ «Չեմ կարծում, որ դատական համակարգում կրճատումներ պետք է լինեն, ավելին ասեմ՝ Բարձրագույն դատական խորհուրդը իր սահմանադրական լիազորությունները իրականացնելու, իրացնելու արդյունքում համապատասխան գրություններ է ուղարկել ՀՀ վարչապետին առաջարկելով՝ մի քանի դատարաններում ավելացնել դատավորների թվաքանակը և դրանով հանդերձ դատական կազմերի քանակը և այս լույսի ներքո չեմ կարծում, որ կրճատման մասին խոսել հնարավոր է: Դատարաններն այս պահին այնքան ծանրաբեռնված են, որ այս քանակից մի բան էլ ավել նվազեցնելը նշանակում է կազմալուծել դատական համակարգի աշխատանքը»,- ասաց Կարեն Փոլադյանը:
Դատական դեպարտամենտի ղեկավարն ասաց, որ դատավորները իրենց աշխատավարձից շուրջ 24 մլն դրամ են հավաքել և այդ գումարն ուղղվել է «Մենք ենք, մեր սահմանները» նախաձեռնությանը: Պարգևավճարների մասին էլ ասաց, որ դատավորները երբեք չեն ստացել և չեն ստանում պարգևավճարներ:
Փոլադյանն անդրադարձավ ռազմական դրությամբ պայմանավորված դատական նիստերի հետաձգմանը, քանի որ համակարգից շատերը ռազմաճակատ են գնացել:
«Ունենք շուրջ 85 հոգի, որ մեկնել են ռազմաճակատ դատական համակարգից, նրանց թվում են դատական դեպարտամենտի մարմնի աշխատակիցներ, դատարանների կազմերի աշխատակիցներ, դատական կարգադրիչներ, որոնք թե՛ կամավորության սկզբունքով, թե ՛ զորահավաքային շրջանակներում մեկնել են առաջնագիծ և այս պահին իրենց առաքելությունն են իրականացնում։ Կան որոշ դատական նիստեր որոնք հետաձգվում են իրավիճակով պայմանավորված և այն բոլոր գործերով, որոնցով կողմեր են հանդիսանում այն անձինք, որոնք այս պահին գտնվում են առաջնագծում կամ ներգրավված են այդ պրոցեսին որևէ կերպ՝ դատական նիստերը հետաձգվում են»,- ասաց Կարեն Փոլադյանը: