Այսօր՝ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը նորից շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով: Այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ մի քանի բնակավայրերի խաղաղ բնակիչների նկատմամբ կիրառվել են հրետակոծություններ: Դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է մի քանի գյուղերի ուղղությամբ, հիմնականում` բնակավայրերին մոտիկ անտառներում և այլն: Հարավային ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացումը ունի հետևյալ տեսքը. Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա։ Այսօր նաև փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաև մոտենալ հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահմանին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել, և կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ հաջողության չեն հասել։ Գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է: Որպես կանոն, փոքր խմբեր են մոտենում, որոնք իրենց հետ բերում են թեթևազեն սպառազինություն և մեր ստորաբաժանումների հարվածներից հետո նահանջում են, փախչում են, անտառներով և լեռներով փորձում են այլ ուղղություններ զարգացնել: Եվ այս ուղղությամբ, կարծես, 24-ժամյա ռիթմով մարտական գործողությունները ոչ մեծ լարվածությամբ շարունակվում են։ Հիմնականում դաշտավայրերում որոշակի հաջողություն ունենալուց հետո Ադրբեջանի ԶՈՒ-ն, որոնց միացած են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հրոսակախմբերը և այլք, փորձում են զարգացում ապահովել նաև անտառալեռնային տեղանքում, որտեղ դա այնքան էլ հեշտ չի հաջողվում, և ընթանում է մարտավարական առումով ավելի դժվար ու բարդ պայքար: Ավետարանոց գյուղի ուղղությամբ արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբերը փորձում են զարգացում ապահովել, և մեր ստորաբաժանումները պայքարում են նրանց դեմ: Խնդիրն այն է, որ նման տեղանքում պատերազմը մի փոքր տարբերվում է իր սաստկությամբ, խտությամբ, որն իրականացվում էր հիմնականում դաշտավայրային պայմաններում: Այստեղ ավելի շատ գնում է փոքր խմբերի դեմ պայքար, որտեղ հրետանին նույն ուժգնությամբ, սաստկությամբ չի կիրառվում: Հակառակորդն այլևս կորցրել է հստակորեն իր ահռելի քանակական առավելությունը, տեխնոլոգիական առավելությունը: Դա գալիս է տարբեր հանգամանքներից, առաջին հերթին տեղանքից, հետո մեր հմտությունների կատարելագործումից և փորձից: Հետևաբար իրավիճակը մի փոքր այլ է, դինամիկ զարգացումների տեղեկությունները մենք չենք կարող մշտապես հայտնել, որովհետև նույն դինամիկայով չի զարգանում պատերազմը: Վստա՛հ եղեք՝ հաղթելու ենք»,-նշել է նա։