Քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի համաձայն՝ պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելը, որն էական վնաս է պատճառել ծառայության շահերին՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվում է մի խումբ անձանց կողմից, կամ առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` 1-5 տարի ժամկետով:
Եթե նշված արարքները կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում են ազատազրկմամբ՝ 5-15 տարի ժամկետով:
Հրամանը չկատարելը ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Նշենք նաև, որ զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության այլ զորքերում օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող անձինք և վարժական հավաքներ անցնող զինապարտները:
Պետ (հրամանատար) է համարվում ծառայողական դիրքով կամ զինվորական կոչումով բարձր այն անձը, որը տվյալ իրավահարաբերության շրջանակում եղել է տվյալ զինծառայողի վերադասը, այսինքն` ունեցել է իր լիազորություններից բխող հրամաններ, կարգադրություններ տալու և դրանց կատարումն ապահովելու իրավասություն:
Գույքային վնասի դեպքում էական վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը:
Գույքային վնասի դեպքում ծանր հետևանք է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը:
Վերջին անգամ օրենքը փոփոխության է ենթարկվել 2007-ին։