Գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրը՝ իր հարակից անտառներով․ ադրբեջանցիները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունը պահպանվում է, ընթանում են հիմնականում օջախային մարտեր: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները ռազմաճակատի տարբեր ուղղություններով: Բացի ռազմաճակատում տիրող մարտական գործողություններից, նաև օրվա ընթացքում հրթիռակոծվել են Արցախի տարբեր բնակավայրերը: Այդ թվում՝ Մարտակերտ քաղաքը՝ հարակից բնակավայրերով և Բերձոր քաղաքը՝ հարակից բնակավայրերով: Երեք արկ ընկել է Բերձորի տարածաշրջան։ Օրվա ընթացքում հատկապես թեժ են եղել կենտրոնականից հարավ ընկնող Շեխեր, Ջիվանիկ և հարակից գյուղերում դիվերսիոն ներթափանցման գործողություններ իրականացրած ադրբեջանական հրոսակախմբերի ու դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները»,- ասել է Հովհաննիսյանը:

«Այս ուղղությամբ կան հստակ հաջողություններ: Գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրը, իր հարակից անտառներով, որոշ տեղերում չեզոքացման աշխատանքները շարունակվում են: Այսօր հարավային ուղղությամբ գրեթե ողջ օրը ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, մի քանի փորձ տապալվել է, զգալի կորուստներ կրելով հետ են շպրտվել, որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են՝ կորցնելով զրահատեխնիկան, դիմել են փախուստի: Լարվածությունը պահպանվում է, հիմնական մարտերն ընթանում են օջախային, տարբեր ճանապարհների, գետերի, հանգույցների շուրջ փորձում են հարձակումներ իրականացնել, որոնք չեզոքացվում են մեր ԶՈՒ-ի կողմից»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել