ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը գրում է.
«Քանի որ ներկայիս պատերազմում Թուրքիայի անմիջական մասնակցությունը, անգամ Թուրքիայի կողմից վերջինիս հրահրումը, կազմակերպումը, ինչպես նաև հրադադարի բոլոր փորձերի մերժումն այլևս ակնհայտ է, ուրեմն հետագա լուծումը ևս պետք է ունենա լայն տարածաշրջանային կարգավորման բնույթ, որն անպայմանորեն պետք է ներառի.
.Ցեղասպանության հետ կապված հարցի վերջնական լուծումը,
.Արցախի ճանաչումը,
.Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման խնդիրների կարգավորումը,
.տարածաշրջանում հաղորդակցական նոր ցանցերի ձևավորումը, ինչպես օրինակ՝ Հայաստան-Սև ծով և կամ Հայաստան-Ռուսաստան ճանապարհի (ավտոմայրուղու) կառուցումը էքստերիտորիալ սկզբունքով, որը կբացառի տարածաշրջանում հարևան երկրների ներկայիս դասավորության փոփոխությունը և, հաշվի առնելով Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը տարածաշրջանում, թույլ կտա գտնել փոխզիջում և բացառել հետագա ռազմական էքսպանսիան։
Կոնֆլիկտի սուբյեկտի փոփոխությունը անխուսափելիորեն ենթադրում է նաև կոնֆլիկտի առարկայի վերահայեցակարգում և, ուրեմն, բանակցությունների սեղանին դրված սկզբունքների, սահմանումների և փոխզիջման մոտեցումների վերանայում։ Կոնֆլիկտը վերասահմանելու և կարգավորման նոր այլընտրանքներ սեղանին դնելու ժամանակն է։
Իհարկե մինչ այդ անհրաժեշտ է հաղթել պատերազմում։ Մեր կռիվը բնավ զուտ հողի համար չէ, տարածաշրջանային փոփոխությունների պարագայում աշխարհաքաղաքական, տնտեսական և անվտանգային միջավայրը Հայաստանի ու Արցախի շուրջ կարող է շեշտակիորեն փոխվել (վստահաբար նաև win win ելքով) երկարատև հեռանկարում և այդ փոփոխությունների մեկնարկը պետք է տրվի:
Մեր եղբայրները կարևորագույն գործ են անում և այդ գործի հաղթական ելքը Հայաստանը դարձնելու է գերզարգացած, բարեկեցիկ և անվտանգ երկիր»: