Սեպտեմբերի 27-ից մինչ օրս 4,5 մլն դոլար է նվիրաբերվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը:
«Հիմնադրամն ունի միայն մեկ նպատակ՝ ապահովել մեր սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավոր դարձած հերոսների ընտանիքների ֆինանսական կայունությունը: Սեպտեմբերի 27-ից սկսած կարողացել ենք հավաքագրել 4,5 մլն դոլար, այդ վճարումների 80%-ը ստացվել է Հայաստանից, հետո ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ինչպես նաև Կիպրոսից, որտեղից 240 հազար դոլարի նվիրաբերություն է կատարվել: Այս պահին չափազանց կարևոր է, որ մեր հայրենակիցները մեզ կատարեն նվիրատվություններ, որովհետև պատերազմը, ցավոք, դեռ չի ավարտվել, մի օր հաստատ ավարտվելու է մեր հաղթանակով, իսկ մինչ այդ պետք է սահմանին կանգնած մեր հերոսները վստահ լինեն, որ իրենց ընտանիքների ֆինանսական վիճակը կայուն է»,- ասաց Ավետիքյանը:
Հիմնադրամին գումար նվիրաբերելու համար անհրաժեշտ է այցելել 1000plus.am կայքը, մուտքագրել քարտային տվյալները և վճարել իրենց ցանկացած գումարը: Նվիրատվություն կարելի է կատարել նաև բանկային փոխանցման միջոցով:
Նշենք, որ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հատուցումներ է տրամադրում.
- յուրաքանչյուր զինծառայողի, որի առողջությանը 2017թ.-ի հունվարի 1-ից հետո պատճառված վնասի արդյունքում ճանաչվել է I կամ II խմբի հաշմանդամ
- 2017թ.-ի հունվարի 1-ից հետո զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքի անդամներին (այսուհետ՝ շահառուներին): Հատուցում ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամների ցանկը նախատեսված է Օրենքի 2-րդ հոդվածով:
Հատուցում ստանալու համար հաշմանդամություն ունեցող զինծառայողը կամ զոհված/անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամը (այսուհետ՝ շահառուն) այն պետական մարմնին, որտեղ զինծառայողը նախկինում ծառայել է պետք է ներկայացնի.
Հաշմանդամության դեպքում.
- Դիմում
- Զինծառայողին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքն ու ստացած վնասվածքի կամ խեղման պատճառական կապի մասին համապատասխան պետական մարմնի կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը.
- Անձնագիրը կամ սոցիալական քարտը
- Հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք
- բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք` տրված բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից
Զոհված/անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի դեպքում։
Մանրամասները՝ տեսանյութում