ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը գրել է.
«Իմ ելույթն այսօր Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ժակ Կրաբալի և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոյի նախաձեռնությամբ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամների հետ տեսակոնֆերանսի ժամանակ.
Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ սանձազերծել է ռազմական ագրեսիա:
Հակամարտության գոտում ագրեսորները ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները : Կան բազում զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, օգտագործվում են միջազգային կոնվենցիաներով արգելված կասետային ռումբեր, բազմաթիվ փաստեր ապացուցում են, որ Թուրքիան իսլամիստ ահաբեկիչներ է ներգրավել համակամարտության մեջ:
Ավերվում են նաև պատմամշակութային հուշարձաններ. ռմբակոծվել է Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին : Սա այլևս պատերազմ չէ տարածքների համար, այլ հայ ժողովրդի պայքարն է հանուն գոյատևման:
Սա նաև հակաահաբեկչական պատերազմ է :
Մենք բոլորս դեմ ենք ահաբեկչությանը :
Մենք բոլորս պայքարում ենք հանուն խաղաղության, հանուն կայունության ոչ միայն տարածաշրջանում, այլև՝ ամբողջ աշխարհում :
Ուստի միջազգային հանրությունը պետք է անի հնարավոր ամեն բան՝ կանգնեցնելու համար այս բարբարոսական ագրեսիան, հստակ գնահատական տա այն ամենին, ինչ տեղի է ունենում Արցախում»: